Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ Ուկրաինայում հաստատվել և աշխատում են վրացի պաշտոնյաներ, ովքեր ոչ վաղ անցյալում Վրաստանում զբաղեցրել են բավական բարձր պաշտոններ: Ուկրաինայի նախագահի խորհրդական, Առողջապահության նախարար, Հակակոռուպցիոն խորհուրդի ղեկավարի տեղակալ, գլխավոր դատախազի տեղակալ, ՆԳ նախարարի տեղակալ. սրանք այն պաշտոններն են, որոնք ներկայում զբաղեցնում են վրացի գործիչները: 
Բացի այդ տարբեր նախարարությունների, պետական այլ գերատեսչություններում որպես խորդրդականներ աշխատում են ոչ պակաս հայտնի նախկին վրացի պաշտոնյաները, ընդհուպ նրանք, ովքեր այժմ վրացական իշխանությունների կողմից հետախուզման մեջ են գտնվում. վերջինները մեղադրվում են մի շարք քրեական հանցագործություններ կատարելու կամ դրանց մասնակից լինելու մեջ: Նշվածներից առավել հայտնին, իհարկե, նախկին նախագահ Մ. Սաակաշվիլին է:

Սակայն վերջինից զատ կա ևս մեկ անձ, ով նախկինում Սաակաշվիլիի թիմի կազմում ղեկավարել է Վրաստանի գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության խորհուրդը, եղել է գլխավոր դատախազ, ապա նաև Արդարադատության նախարար: Այդ անձը Զուրաբ Ադեիշվիլին է, ով նախկին իշխանության ամենաազդեցիկ դեմքերից է եղել և համարվում է վրացական բարեփոխումների իրականացման գործի առանձքային դեմքերից մեկը: 2012թ.-ի իշխանափոխութոյւնից հետո Ադեիշվիլին մեկնեց Վրաստանից և մինչ օրս նրա գտնվելու վայրի մասին քիչ բան էր հայտնի: Լուրեր էին շրջանառվում, որ նա աշխատում է Հունգարիայում, ապա տեղեկություններ տարածվեցին վերջինիս՝ Ուկրաինայում ղեկավար պաշտոններից մեկում աշխատելու վերաբերյալ: Սակայն իրականությունը հայտնի դարձավ միայն այսօր, երբ ուկրաինական «Glavcom.ua» գործակալությունը հրապարակեց իր հարցազրույցը Ադեիշվիլիի հետ, որում վերջինս նշում է, որ աշխատում է Ուկրաինայի հակակոռուպցիոն խորհրդում որպես խորհրդական:

Ըստ վրացի պաշտոնյայի նա այդ առաջարկը ստացել է նախորդ տարվա հոկտեմբերին, որից հետո անցել աշխատանքի տվյալ կառույցում: Ադեիշվիլին վրացական իշխանությունների կողմից իրեն նկատմամբ հետախուզում հայտարարելը որակել է որպես քաղաքական հետապնդում՝ ընդգծելով, որ վերջերս ինտերպոլի որոշումը կարմիր շրջանակից իր անունը հեռացնելու հետ կապված պայմանավորված է հենց այդ հանգամանքով:

Ուշագրավ է այն դիտարկումը, որ Ադեիշվիլին ընդունում է 2012թ.-ի խորհրդարանական ընտրությւնների ժողովրդավարական լինելու փաստը, սակայն հավելում, որ Վրաստանը հետընթաց է ապրել ժողովրդական արժեքների զարգացման ուղղությամբ: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի՝ որպես լիարժեք ժողովրդավարական պետության ձևավորումից է կախված Վրաստանի ապագան: Հակառակ պարագայում, Ադեիշվիլին այդ երկու երկրների համար, որպես «վատ սցենար», կանխատեսում է Եվրասիական միությունը:

Հ.Գ. Փաստը մնում է փաստ, որ Արևմուտքը շարունակում է Ուկրաինայում ևս իրականացնել Վրաստանի պարագայում կիրառած քաղաքականությունը, և որ ավելի ակնհայտ է, դա անում է նույն անձանց ձեռքով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել