Tert.am-ը գրում է.

Սեր, հումոր, ուրախություն. այս երեքը կարող են մարդուն առողջացնել: Հայ լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի համոզմունք հայտնեց այս օրերին Հայաստանում գտնվողհայտնի ծաղրածու և բժիշկ Պետչ Ադամսը:

 «Ես ազատ բժիշկ եմ եղել 44 տարիների ընթացքում. ովքեր զբաղված են դեղամիջոցների վաճառքով, համոզված եմ, որ միայն այդ մարդիկ են կասկածամտորեն վերաբերվում իմ աշխատանքի արդյունքներին»,-ասաց բժիշկ-ծաղրածուն, միաժամանակ նշելով, որ իր երկրում՝ ԱՄՆ-ում դեղամիջոցների վաճառքն ամենաագահ բիզնեսն է:

«Շատ դժվար է հիմա գտնել նորմալ մարդ մի աշխարհում, իշխանությունն այլոց նկատմամբ դարձել է հիմնական արժեք, իսկ «սեր» կամ «ծիծաղ» բառերը վտանգավոր են: Միացյալ Նահանգներում, օրինակ, բնակչությանը կառավարելու լավագույն միջոցը բնակչությանը դժբախտ, ձանձրացած պահելն է: Ծիծաղելի է, որ այսօր սերը և ծիծաղն օգտագործում են «թերապիա» եզրույթի ներքո»,-ասաց Ադամսը:

Պետչ Ադամսը պատմեց, որ հիվանդի հետ իր առաջին հարցազրույցը տևում է 4 ժամ: Ինքն անձամբ է այցելում հիվանդի տուն և զրուցում նրա հետ:

«Մենք պարզապես արել ենք այն, ինչ ցանկացել ենք անել, իսկ մարդիկ որոշել են դա անվանել թերապիա: Ես արդարադատության և խաղաղության ծառան եմ»,-նշեց բժիշկը:

Ադամսն ասաց, թե այսօր համագործակցում է 120 երկրների բժշկական տարբեր հաստատությունների հետ, և նշեց, թե նրանցից ոչ-ոք շատ ուրախ չէ այն կրթությամբ, որ ստանում են համալսարաններում:

«Կարեկցանք չի կարելի դասավանդել և չի դասավանդվում որևէ բժշկական հաստատությունում: Հիվանդին սիրել է պետք: Պետք է բռնել հարուստների գրպանը և այդ փողն օգտագործել աղքատների առողջապահության նպատակով»,-ասաց բժիշկ-ծաղրածուն, ով նաև նշեց, որ շուտով լրանում է իր ծննդյան 70 ամյակը:

«Ովքեր այսօր աշխարհի տիրակալներ են, ցանկանում են ինձ քննադատել և ստեղծել այնպիսի բուժման միջոցներ, որոնց հետ ես կապ չունեմ: Սեր, հումոր, ուրախություն. ով կարող է պատկերացնել, որ այս երեքը կարող են մարդուն առողջացնել: Պատմության ընթացքում բոլոր պրոբլեմները ստեղծել են տղամարդիկ: Որևէ երկիր իր պատմության ընթացքում բավարար անվտանգություն չի ապահովել իր սեփական կանանց համար»,-հայտարարեց բժիշկը՝ շարունակելով, թե աշխարհի ամենաաղքատ երկրների երեխաներն ավելի երջանիկ են, քան ԱՄՆ-ի երեխաները:

Այն ժամանակահատվածում, երբ Ադամսը  կլինի Հայաստանում, տառապողների կողքին է լինելու. ծաղրածուների իր թիմի հետ այցելելու է հիվանդանոցներ և հարցնելու, թե ով է ամենից շատ տառապում, ու այցելի նրան:

«Տեսարժան վայրերն ինձ չեն հետաքրքրում»,-հայտարարեց Պետչ Ադամսը: 

Հարցին, թե հաճախ է ասվում, որ հայերը դեպրեսիվ ազգ են, ինչպե՞ս է նա պատրաստվում բուժել հայերին, բժիշկը պատասխանեց. «Ուզո՞ւմ եք իմանալ, թե ես ինչպես պետք է բուժեմ. դեպրեսիայից «յան տվեք»: Դեպրեսիան հիվանդություն չէ, այն հորինել են դեղագործական ընկերությունները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել