Ռիգայում կայանալիք համաժողովում Եվրամիությունը Հայաստանի շահերին համապատասխանող ինչ-որ նոր առաջարկներ է պատրաստում, որը մեզ թույլ կտա, լինելով Եվրասիական միության անդամ, սերտորեն համագործակցել նաև Եվրամիության հետ: Հայաստանը բազում խնդիրներ ունի իր առջև ծառացած և Եվրոպաների օգնության կարիքն իրոք ունի, եթե դրանք անկեղծ են ու անշահախնդիր:

Հայաստանի համար կարևորագույններից մեկն այսօր, անշուշտ, նրա տրանսպորտային շրջափակման խնդիրն է: Որևէ երկրի տնտեսության զարգացումը, իսկ Հայաստանի պարագայում անգամ նրա գործունեությունը, եթե չասենք գոյությունը, առանց համեմատաբար էժան և անխափան գործող տրանսպորտային` մեզ համար ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ հաղորդակցության, անհնար է:

Եթե հաշվի առնենք, որ այդ շրջափակումն իրականացնում են Եվրոպական միության ասոցածված անդամ երկու երկրներ՝ Թուրքիան և Վրաստանը, ապա «հիվանդ գլխով» դատելիս ստացվում է, որ շրջափակումն իրականացնում է հենց ինքը՝ Եվրոպան: Եվ դարձյալ «հիվանդ գլխով» ստացվում է, որ մեր եվրոպացի բարեկամների՝ տարիներ շարունակ տևող խոսակցությունները Եվրոպայում փակ սահմանների վերացման, մի երկրի կողմից մեկ այլ երկրի, մեր պարագայում, Հայաստանի շրջափակման անթույլատրելիության, տրանսպորտային հաղորդակցությունների անհապաղ ապաշրջափակման մասին զուտ «լոլոներ» են:

Բոլորս գիտենք, որ Թուրքիան մի «բարի պտուղ» չէ, և հաշվի առնելով նաև Հայկական հարցի և ղարաբաղյան խնդրի գոյությունը, թուրք-հայկական հարաբերությունները, հետևաբար նաև սահմանը դեռ երկար փակ կմնան (իմ կարծիքով, և փառք Աստծո, որ այդպես է) և այստեղ եվրոպացի մեր բարեկամներին հանդիմանելու, առավել ևս մեղադրելու իրավունքը մենք չունենք:

Բայց եթե Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացման եվրոպացի մեր բարեկամների մտահոգություններն իրոք անկեղծ են, ապա Հայաստանը շրջափակումից դուրս բերելու շատ ավելի դյուրին միջոց գոյություն ունի, որը, չգիտես ինչու, աչքաթող է արված, և դրա մասին երբեք չի խոսվում: Խոսքը Հայաստան-Վրաստան-Աբխազիա-Ռուսաստան երկաթուղու մասին է: Աբխազական երկաթուղին «փակված» է ոչ Ռուսաստանի, ոչ Աբխազիայի, այլ Եվրոպայի ասոցացված մյուս անդամի՝ Վրաստանի կողմից, որն, ի դեպ, ինքն իրեն հայտարարում է Հայաստանի եղբայր և բարեկամ:

Վրաց-աբխազական կոնֆլիկտը բոլորին է հայտնի: Կոնֆլիկտի կողմերից մեկը՝ աբխազներն, իրենց բոլոր նախագահների մակարդակով բազմիցս հայտարարել են, որ առանց որևէ նախապայմանի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ պատրաստ են բացել երկաթուղային տարանցիկ հաղորդակցությունը:

Անզեն աչքով անգամ երևում է, որ վրաց-աբխազական տրանսպորտային հաղորդակցության դադարեցումը, ինչպես պնդում է Վրաստանը, բոլորովին էլ աբխազներին «պատժելու համար» չէ: Վրացիների կողմից սահմանը փակ պահելու գլխավոր թիրախը, իմ խորին համոզմամբ, Հայաստանն է` նրան վնասելը և դիմացը Թուրքիայից ու Ադրբեջանից շանտաժի միջոցով ցանկացած հարցում առավելագույն օգուտներ կորզելը:

Հայաստանի համար կարևորագույն այս խնդրի շուրջ հայ-վրացական խոսակցությունները, որպես օրենք, ավարտվում են սուտ խոստումներով և հայ ու վրացի ժողովուրդների եղբայրության, դարավոր բարեկամության մասին վրացական դատարկ ճոռոմաբանություններով ու կենացներով: Մյուս կողմից ճանապարհը բացելու տուտուց վրացական՝ «աբխազներին իրենց թրի տակով անցկացնելու» նախապայմանն անիրականանալի է:

Եթե Եվրոպական միությունն իրոք անկեղծ է, ապա Հայաստանի երկաթուղային շրջափակման վերացման միակ ուղին, իրենց ասոցացված ԱՆԴԱՄԻ՝ Վրաստանի առջև որոշակի պայմաններ դնելն է, նրան համոզելը, հորդորելը կամ վերջապես պարտադրելը: Վրաստանը Թուրքիա չէ, և ականջները կախ կանի այն, ինչ իր «բոսերը» հրամայեն, առավել ևս, եթե այդ հրամանը գա նաև «վաշինգտոնյան շրջկոմից»:

Կարծում եմ՝ Հայաստանի տրանսպորտային շրջափակման վերացման հարցն է, որ անպայման պիտի բարձրաձայնեն Ռիգա մեկնող մեր գործիչները: 
Կարծում եմ՝ ռուսամետության մեջ մեր կառավարիչներին քննադատելուց զատ՝ նաև ա՛յս խնդրի լուծմամբ է, որ պիտի զբաղվեն մեր եվրոպամետ հասարակական ու քաղաքական գործիչները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել