Tert.am-ը գրում է.

Եթե նախկինում հասարակական կազմակերպություններն ակտիվ մասնակցում էին հաշմանդամության կարգ սահմանող բժշկասոցիալական հանձնաժողովների նիստերին, ապա հիմա չեն օգտվում հենց նախարարության կողմից իրենց ընձեռված այս հնարավորությունից:

Tert.am-ի հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը` ի պատասխան հարցադրման, որ հասարակության մեջ շարունակվո՞ւմ են այդ հանձնաժողովների գործունեության հետ կապված բողոքները:

«Պատրաստ եմ տրամադրել տեղեկատվությունը, թե ո՞ր հանձնաժողովներում են մասնակցել…. Եվ ես կարծում եմ, որ ՀԿ-ները, որոնք նաև իրենց շահառուների շահերն են պաշտանում, ուղղակի պարտավոր են մասնակցել»,- ասաց նա։

Նախարարը հիշեցրեց, որ նույն բողոքները նկատի ունենալով նախարարությունը ժամանակին նախատեսել էր, որ հանձնաժողովի նիստերին, մանավանդ առաջին անգամ փորձաքննությունների պարագայում,  պարտադիր մասնակցեն հիվանդին հաշմանդամության կարգ ստանալու համար հանձնաժողով ուղեգրող բժիշկները:

«Այսինքն՝ որ նա փորձաքննական հանձնաժողովին, քաղաքացու ներկայությամբ ներկայացնի այն խնդիրները, որոնք գտել է, որ քաղաքացին  ունի և որոնք իր կարծիքով բերել է քաղաքացու հաշմանդամության, կամ կենսագործունեության սահմանափակման: Իսկ հանձնաժողովը պարտավոր  է քննելով` կա՛մ համաձայնվել տվյալ բժշկի  հետ, կա՛մ իր հակափաստարկները հիմնավորելով՝ կայացնել որոշում»,- ներկայացրեց Արտեմ Ասատրյանը:

Անգամ այս պարագայում սուբյեկտիվ և հայեցողական որոշումների ճանապարհը փակելու համար, նախարարի խոսքով, ստեղծվել և ներդրվել է, ըստ էության, քառաստիճան բողոքարկման համակարգ. տարածքային հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ դա արդեն գործակալության վերափորձաքննության բաժնում, եթե այս բաժնի որոշումը ևս բողոքարկվում է, ապա քննում է նախարարությունում ստեղծված փորձագիտական խումբը և վերջապես, եթե բողոքարկման երրորդ մակարդակում էլ որոշումը չի բավարարում, ապա վերջնական որոշումը կայացնում է ՀՀ սոցապ և առողջապահության  նախարարների հրամանով  ստեղծվող գլխավոր մասնագետներից բաղկացած խումբը, որը նորից քննում է  գործը: Եվ նախարարը տրամաբանական է համարում, որ բոլոր չորս փուլերով անցած որոշումը առնվազն պետք է ընդունելի և հասկանալի լինի քաղաքացու համար:

Արտեմ Ասատրյանի գնահատմամբ` առաջին խնդիրն այս գործընթացում առաջանում է այն ժամանակ, երբ քաղաքացին մտածում է, որ հաշմանդամության խումբ ձեռք բերելու համար իր այդ կարգավիճակը բավարար է` համեմատելով ինչ-որ մեկի նույն հիվանդության հետ:

«Առաջանում է առաջին խնդիրը, որովհետև նա ոչ պրոֆեսիոնալ մակարդակով չի կարող որոշել, որ եթե ինքը ճանաչում է մեկ այլ անձի, որը նմանատիպ կարգավիճակ ունի և եթե նա այդ խմբի համանդամ է, ուրեմն ինքն էլ այդ նույն խմբի հաշմանդամ է»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ «բժշկասոցիալական» եզրույթը հենց նշանակում է, առողջականը կարևոր, բայց ոչ ամբողջական գործոն է այս հարցում:

«Այսինքն` առողջական վիճակի հետ պայմանավորված՝ պետք է լինի տվյալ անձի մոտ կենսագործունեության սահմանափակման որևէ աստիճան` ստանալու կամ չստանալու համար այս կամ այն խումբը»,- ասաց Արտեմ Ասատրյանն  ու բերեց մեկ օրինակ, երբ շատ դեպքերում քաղաքացին ասում է, որ ինքը վիրահատվել է, հետևաբար, իրեն պիտի ինձ հաշմանդամության խումբ տրվի։

Սա, ըստ նախարարի, ուղղակի  թյուրընկալում է, որովհետև, եթե շատ  հնարավոր է, որ քաղաքացին մինչև վիրահատվելը իսկապես ունենար հաշմադամություն կամ ճանաչվեր այդպիսին` դիմելու դեպքում, ապա  բարեհաջող վիրահատությունից հետո անձի հաշմանդամ լինելու հնարավորությունը շատ քիչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել