Tert.am- գրում է.

ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը Tert.am-ի հետ զրույցում որպես մասնագետ հայտարարեց՝ ֆոլաթթուն, ինչը ցորենի ալյուրի հարստացման հիմնական բաղադրիչն է, քաղցկեղածին չէ, տղամարդկանց կին չի դարձնում՝ կանացի հորմոններ չի ավելացնում: Փոխնախարարը հորդորեց հանրությանը չհավատալ ոչ պրոֆեսիոնալներին, քանի որ կան լուրջ գիտական հետազոտություններ այս հարցի շուրջ:

«Մենք որևէ նոր բան չենք անում. աշխարհում 82 երկիր այս ճանապարհով է գնացել, իրենք փորձ են կուտակել ոչ թե մեկ-երկու տարվա, այլ 70-80 տարվա: Ի՞նչ եք կարծում, մենք կարո՞ղ ենք լինել մեր երկրի ու ժողովրդի թշնամին, այդ հացը ուտելու են նաև մեր ընտանիքները, հարազատները, ընկերները: 5-10 տարի հետո բոլորը կհամոզվեն, որ նախարարությունը ճիշտ էր»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագիծ, ինչը ենթադրում է միկրոսննդատարրերի օգտագործում՝ լրացնելու մարդու օրգանիզմում առկա կենսականորեն անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի պակասը: Մի շարք հասարակական կազմակերպություններ այս օրերին հանդես Են գալիս հակափաստարկներով՝ նշելով, որ ֆոլաթթուն քաղցկեղածին է և չի կարելի թույլ տալ, որ նախագիծը ԱԺ-ում հավանության արժանանա:

Անդրադառնալով խնդրին՝ փոխնախարարը նշեց, որ ինքն այլևս չի բանավիճելու ընդդիմախոսների հետ, որովհետև նրանք չունեն բավարար գիտելիք այս հարցի շուրջ:

«Ասում են, թե Եվրոպան չի անում նման բան, բայց Եվրոպան այլ ճանապարհով է անում: Միկրոէլեմենտներով սննդակարգի հարստացումը երկու ճանապարհ ունի, մեկը արվում է հաբերի միջոցով, մյուսը տարբեր սննդամթերքների հարստացման միջոցով: Հիմա Եվրոպան երկուսն էլ կիրառում է»,– ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ Եվրոպայում սննդի մեջ թիրախային խմբերի համար ավելացվում են միկրոէլեմենտները, ընդհանուր 700 անուն սննդամթերք կա, որը հարստացվում է եվրոպական բոլոր երկրներում:

«Իսկ հաբերը խմում են հիմնականում այն կանայք, որոնք պատրաստվում են մայրանալ և դեղերը խմում են մինչև հղիությունը: Հղիության առաջին ամիսների ընթացքում զարգանում են բոլոր տեսակի արատները, այդ թվում՝ նաև նյարդային խողովակի արատները»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ նախ Հայաստանում գրեթե ոչ մի կին նախապես չի պլանավորում իր հղիությունը և չի ձեռնարկում երեխայի առողջությանը միտված միջոցներ:

«Երբ պտղի մոտ արատ է հայտնաբերվում, նոր սկսում են դեղ խմել, բայց դա այլևս չի կարող օգնել: Որպեսզի Հայաստանում երեք անգամ շատ, քան եվրոպական երկրներում, արատներով ծնվող երեխաներ չլինեն, մենք նախաձեռնել ենք այս ծրագիրը: Նույն բանը արել են նաև մյուս երկրները և ապացուցել են, որ դա արդյունավետ է, մենք գնում ենք այդ ճանապարհով»,-ասաց նա:

Սերգեյ Խաչատրյանը նշեց, որ նախարարությունը հետազոտություն է իրականացրել ու պարզել՝ 0-5 տարեկան երեխաների շրջանում 37%-ի չափով սակավարյունություն է առկա:

«Մենք չենք ասում, որ ծրագիրը սակավարյունություն ունեցողների  համար է, ո՛չ, նրանց առանձին պետք է բուժել, սա առողջ մարդկանց համար է, որոնք սննդակարգի միջոցով համապատասխան քանակությամբ երկաթ չեն ստանում, ինչը բերում է առողջական վիճակի հետագա խանգարմանը, և պետությունը մտածում է նրան երկաթ տալ, որ այդ մարդը չհիվանդանա»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ծրագրի ընդդիմախոսները նշում են, որ պետք է շուկայում գերակշռող լինի երրորդ տեսակի ալյուրից պատրաստված հացը, որը նաև երկաթ է պարունակում, փոխնախարարը պատասխանեց, հենց այդ պատճառով է, որ հարստացնելու են միայն բարձրակարգ և առաջին տեսակի ալյուրը, մյուս տեսակների բաղադրությունը մնալու է անփոփոխ:

«Հացի շուկայի 80%-ը հաստացված ալյուրից պետք է պատրաստված լինի, 20%-ը լինելու է այլընտրանք: Հիմա քանի որ ներկրումը մի քիչ շատացել է ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, այլընտրանքը գուցե մի քիչ ավելանա, ինչը մեր մտավախությունն է, քանի որ ցանացած հանրային առողջապահական ծրագիր, եթե 80%-ի չափով ծածկույթ չապահովի, կկորցնի իր արդյունավետությունը»,-ասաց նա:

Փոխնախարարը նաև նշեց, որ կան ընդամենը մի քանի հիվանդություններ, որոնց դեպքում երկաթի կուտակում կարող է տեղի ունենալ, բայց դրանց վրա չի կարող ազդեցություն ունենալ հարստացվող ալյուրից պատրաստված հացը: «Այս ամենը հասկանալու համար ես 17 տարի սովորել եմ, հետո էլ 30 տարի աշխատել եմ»,-ասաց նա:

Հարցին, թե որտեղ է որոշվելու՝ ինչ քանակությամբ միկրոէլեմենտներով հարստացնել ալյուրը և ինչ ձևով է իրականացնել, Սերգեյ Խաչատրյանը պատասխանեց. «Գործընթացը իրականացվելու է Սննդի անվտանգության պետական ծառայությունում: Օրենքի ընդունումից հետո մենք մեկ տարի ժամանակ ենք ունենալու՝ որոշելու չափաքանակները, կանոնակարգերը: Դա, որպես կանոն, տեղի է ունենալու դոզատորների միջոցով, որն իրականացնում է միլիգրամների հաշվարկ և, իհարկե, ամեն խառնուրդից հետո լաբորատորիաներում ստուգում են իրականացնելու»։

Սերգեյ Խաչատրյանն ընդգծեց, որ մինչև սպառողին հասնելը ալյուրի նկատմամբ վերահսկողությունն այնքան մեծ է լինելու, որ սխալվելու տարբերակ չի կարող լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել