Tert.am-ը գրում է.

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբի անդամ Թամար Կապրելյանը հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել: Այս մասին հայտնում են Առաջին  ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հավատարիմ մնալով «Եվրատեսիլ»-ի այս տարվա` «Կառուցելով կամուրջներ» կարգախոսին, հայ մասնակիցները նոր կամուրջ են կառուցում մրցույթի այս տարվա մասնակից այլ երկրների ներկայացուցիչների հետ: «Genealogy» խմբի անդամներ Թամար Կապրելյանը, Ստեֆանի Թոփալյանը, Մերի-Ջին Օ՛Դոհերթի Վասմաթզյանը, ինչպես նաև Ալբանիայի, Էստոնիայի և Հունաստանի ներկայացուցիչներն այսօր ձայնագրել են նոր երգ, որի երաժշտության և խոսքերի հեղինակը Թամար Կապրելյանն է:  Երգը կրում է «The otherside» (Մյուս կողմը) խորագիրը:

Երգի հեղինակ Թամար Կապրելյանի խոսքով` այս համագործակցությունը նպատակ ունի առավել սերտացնելու մասնակիցների միջև առկա շփումը: «Երաժշտությունը միացնում է մեզ, որովհետև այն վեր է ամեն ինչից: Մենք տարբեր ենք իհարկե, բայց երաժշտությունը մեծ և ընդհանրացնող ուժ ունի: Այն միավորում է, փոշիացնում մշակութային տարբերությունները և փակում առկա ճեղքերը: Հուզմունքս և պատասխանատվությունը շատ մեծ է, քանի որ իմ հեղինակած երգն ենք ձայնագրում, այնուամենայնիվ, կարծում եմ, որ արդյունքը հետաքրքիր ու գոհացնող կլինի»:

Երգը խաղաղության և միասնության կոչ է, ինչպես նաև յուրահատուկ նվեր մրցույթի 60-րդ հոբելյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել