Tert.am-ը գրում է.

Կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչների կողմից կաթի մթերման գինը միանգամից 20 դրամով իջեցնելը ( մեկ լիտրի համար 120 դրամ է) առայժմ չի հանգեցրել անասունների մորթի, բայց նման վտանգը մեծ է: Իսկ, ինչպես պնդում են մասնագետները, մորթի դեպքում առնվազն երեք-չորս տարի է պետք անասնագլխաքանակը լրացնելու համար:

Tert.am-ի հետ զրույցում «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ  Հրաչ Բերբերյանը մանրամասնեց. «Դեռ չեն մորթում, քանի որ առայժմ արոտի խնդիր չկա, բայց աշնանը, այո՛, կարող է մորթ սկսվել, եթե այս քաղաքականությունը շարունակվի և վերամշակողները ձեն ձենի տված կաթի գինն էժանացնեն՝ հարվածելով Հայաստանի գյուղատնտեսությանը»:

Հրաչ Բերբերյանն ասում է, որ միշտ էլ գարնան ու ամռան ամիսներին կաթ արտադրողները մթերման խնդիր են ունեցել, բայց չի հիշում, որ «էս ձևով գարունը սկսվի»:

Նշենք, որ  Տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Վարազդատ Կարապետյանն իր ֆայսբուքյան էջում կոչով դիմել էր լրագրողներին՝ առաջարկելով տարածել գրառումը և ահազանգել, որ 120 դրամը կաթի ինքնարժեքի գինն է, ինչը ծանրագույն հետևանքների կարող է բերել:

«Սկսած անասնագլխաքանակի կրճատումից մինչև աղքատության աճ և արտագաղթ։
Գյուղի մարդը ցուցարար չէ, իր իրավունքները պաշտպանելու գործիքներ չունի։ Հազարավոր գյուղացիներ չեն կարողանում միավորվել՝ պայքարելու համար կաթի փոշի մթերող և պանիր արտադրող մեծ ընկերությունների դեմ։ Կառավարության հրատապ միջամտության անհրաժեշտություն կա»,
նշել էր Վարազդատ Կարապետյանը:

Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ սա պետք է դառնա հակամենաշնորհային  հանձնաժողովի ուսումնասիրության առարկա, քանի որ նրա ձեռքի տակ եղած տվյալներով՝ 2014-–ին  1.600 տոննայով ավել կաթի փոշի է ներկրվել Հայաստան, քան դրա նախորդ տարում:

Ի դեպ, նա այս առնչությամբ ասաց, որ կաթնամթերք արտադրողների հիմնական մասը, վաճառքի հանելով իրենց արտադրանքը, «չեն շեշտում, որ դրանք պատրաստված են կաթի փոշուց»:

Հիշեցնենք, որ կաթի գների նվազման մասին դեռ ապրիլին Tert.am-ի հետ զրույցում նախազգուշացրել էր Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը՝ մատնացույց անելով կաթի համաշխարհային շուկայից ակնկալվող վտանգները. միջազգային շուկայում կաթի փոշու գնի էժանացումը  լուրջ մարտահրավեր է դառնալու տեղական թարմ կաթ արտադրողների համար. դա էժանացնելու է կաթի գինը, ինչի պատճառով անասունների մորթ է սկսվելու:

«Միջազգային կաթի փոշու գներն այնքան նվազեցին, որ ներմուծվող կաթի փոշին, որ առաջարկվում է վերամշակողին, շատ ավելի հետաքրքիր է, քան տեղում կաթ ձեռք բերելը»,- արձանագրեց նա:

Ինչպես Արմեն Գիգոյանն է տեղեկացնում՝ Հայաստանում արտադրվող կաթի միայն մեկ երրորդն է ուղղվում պանրագործարաններ, մնացածն ուղղվում է  կաթնաթթվային արտադրանքին` թթվասեր, յոգուրտ և այլն, որոնք էլ գերադասում են էժան կաթի փոշին տեղական կաթից:

Եվ շղթայի հենց այս օղակում էլ իջեցվում է կաթի գինը: Այսինքն՝ խոշոր   արտադրողները կաթի փոշով բավարարելով իրենց պահանջարկի մի մասը՝ նվազեցնում են թարմ կաթի մթերման գինը:


Ինչ վերաբերում է պանիրներին, ապա, ըստ Արմեն Գիգոյանի,  առայժմ Հայաստանում չի հաջողվում  կաթի փոշով որակյալ պանիր արտադրել:


«Թեպետ հիմա արդեն կան նոր սերնդի կաթի փոշիներ, որոնք այնպես են վերականգնվում, որ դառնում են նորմալ կաթ, որը պիտանի է նույնիսկ պանիր արտադրողների համար, բայց առայժմ Հայաստանի համար դա հասանելի չէ»,- ասաց մասնագետը:

Ստեղծված իրավիճակը մտահոգիչ է նրա՝  որպես պանիր արտադրողների միության նախագահի համար:

Եվ եթե նա  որպես ելք տեսնում էր  Հայաստան կաթի փոշու ներկրման սահմանափակումը, ապա պարզվեց, որ Հայաստանը, ունենալով միջազգային կազմակերպությունների առաջ մի շարք պարտավորություններ, չի կարող դիմել այդ քայլին:

Եվ առկա պայմաններում, մանավանդ,  որ այն հունիսին խորանալու միտումներ կունենա, Արմեն Գիգոյանը Հայաստանում արտադրվող կաթի քանակը պահպանելու  միակ ելքը տեսնում է հետևյալ լուծման մեջ, որը պատրաստ  է որպես առաջարկ ներկայացնել կառավարությանը:

«Ներքին պահանջարկի հետ կապված խնդիրներից ելնելով՝ տեղում արտադրված արտադրանքի  արտահանման, խթանման  համար կառավարության անմիջական մասնակցության կարիքը կա: Այսինքն՝ պետք է  որոշում ընդունվի, որ արտահանված կաթի ցանկացած միավորը կոմպենսացվի անմիջապես բյուջեի կողմից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ պանիր արտահանեցիր, մեկ դոլար բյուջեից անմիջապես պետք է փոխանցվի արտահանողի հաշվին »,- հայտարարեց Արմեն Գիգոյանը՝ հավելելով, որ դա կբերի մրցակցային պայմանների բարելավման:

Այս առաջարկի վերջնարժեքը, ըստ նրա հաշվարկների, կարժենա  3-4  միլիոն դոլար, մինչդեռ  կան  այլ՝ քննարկվող  ծրագրեր, որոնցից մեկի արժեքն, օրինակ, 25 միլիոն դոլար է:

Հիշեցնենք, որ օրերս  կաթ արտադրողների հիմնախնդիրների հետ կապված՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ հրատապ հանդիպում էր կազմակերպել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը, և հանդիպան ժամանակ, արձանագրվել էր, որ դրսից և, հատկապես, Ուկրաինայից ներկրվող կաթի փոշին է  էականորեն անդրադառնում տեղական արտադրողների կողմից առաջարկվող կաթի գնի վրա:

Նաև որպես կաթ արտադրողների շահերի պաշտպանության առաջին քայլ որոշվել էր  Կաթ արտադրողների միություն ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել