Tert.am-ը գրում է.

Հանրության շրջանում տարբեր կարծիքներ կան Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ. այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:

Նրա խոսքով՝ շատերն այն կարծիքին են, որ ընդունված օրենքները լավն են, սակայն արդյունք չկա: «Միայն բարեփոխումներով խնդիրները չեն լուծվի, բարեփոխումների հետ մեկտեղ պետք է լինեն իրավական համակարգի բարեփոխումներ, այնպիսի մեխանիզմներ, որոնք կապահովեն Սահմանադրության կենսունակությունը»,-ասաց նա: 

Սահմանադրագետը նշեց, որ ներկայում ՀՀ-ի համար առավել նպատակահարմար է խորհրդարանական ձևին անցում կատարելը։ «Ճիշտ ժամանակն է, որ անցում կատարենք խորհրդարանական ձևին, որն ավելի ժողովրդավարական ոճի մեջ է»,-ասաց նա՝ հավելելով, որ խորհրդարանական համակարգի դեպքում բացառվում է երկրի համար ճակատագրական որոշումների ժամանակ միանձնյա որոշումներ կայացնելը:

Իսկ թե ինչպես կմեկնաբանի այն դիտարկումները, որ բարեփոխումների միջոցով իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, Վարդան Այվազյանը նշեց, որ դա միայն տվյալ մարդկանց Սահմանադրության մասին ոչ բավարար գիտելիքներ ունենալու մասին է խոսում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ բարեփոխումների հարցով մասնագիտական հանձնաժողովի ընտրությունը կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա, և աշխատում են արդեն բուն տեքստերի վրա։ «Մենք ներկայացրել ենք մեր առաջարկությունները և հրապարակել ենք, սպասում ենք տեքստերին, որպեսզի կարողանանք գնահատական տալ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նախագահի արտահայտած մտահոգությանը, որ խորհրդարանական մոդելը կարող է խնդիրներ առաջացնել անվտանգության հարցում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Նախագահը, երբ իր մտահոգություններն էր արտահայտում, մի նախադասություն ասաց, որը քիչ է ուշադրության արժանանում, նա հայտարարեց, որ մինչ այդ պահը որևէ մեկը հայեցակարգի վերաբերյալ առարկություն չի ներկայացրել, այսինքն՝ որ որևէ մեկը չի առարկել հայեցակարգին, նշանակում է՝ այն ենթակա է վավերացման»,-ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել