Tert.am-ը գրում է.

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն արդեն նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի նախաձեռնած «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության մուտքը քաղաքական դաշտ ողջունելի է համարում և հուսով է, որ այն չի դառնա հերթական պառակտիչ ուժը, այլ ընդհակառակը՝ կփորձի որակյալ մրցակցություն ապահովել:

«Քաղաքական համակարգը կարիք ունի «ռեսթարթի» և իսկապես գաղափարական ծրագրային համախմբման անհրաժեշտություն կա, հուսանք, որ նոր ստեղծվող  քաղաքական միավորը հասարակության մեջ չի դառնա հերթական պառակտիչ ուժը, այլ կփորձի գաղափարների, ծրագրերի հավուր պատշաճի մրցակցության միջոցով ապահովել երկրում քաղաքական բարեփոխումների միասնական պլատֆորմի ձևավորում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը, ով նույնպես մասնակցում էր կուսակցության հիմնադիր համագումարին: 

Արծվիկ Մինասյանը ողջունեց թե՛ Ուրիխանյանին, և թե՛ երիտասարդներին, ովքեր «համախմբվել են այն գաղափարների շուրջ, որոնք արդեն թղթի վրա շարադրված են»: «Հուսանք՝ այդ գաղափարները միայն թղթի վրա չեն լինի»,-ասաց նա:

Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ այստեղ են ԲՀԿ-ից հիասթափվածները, Մինասյանը նշեց, թե չի կարող ասել, որովհետև լավ չի ճանաչում ԲՀԿ շարքային անդամներից շատերին: «Բայց եթե մենք որպես հյուրեր ենք ներկա, նշանակում է բոլորի մոտ էլ հույս կա, որ այս ուժը կկարողանա ՀՀ քաղաքական դաշտում թարմ խոսք բերել և հնարավորություն կտա մյուս քաղաքական ուժերին ևս համագործակցության լայն ճակատ բացել»,-ասաց նա և հավելեց, թե իր կարծիքով՝ ցենտրիստական գաղափարախոսության անհրաժեշտություն քաղաքական դաշտում կա, մնում է այն որպես համոզմունք լինի կուսակցականների համար:  

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով նոր կուսակցության անհրաժետության մասին, նշեց, թե այն, որ  դահլիճում այսքան երիտասարդներ են հավաքված, արդեն լավ, խոստումնալից մեկնարկ է: «Մնացած դեպքերում եկեք ժամանակից առաջ չընկնենք»,-ասաց նա:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը նույնպես ներկա էր իր նախկին գործընկերոջ կուսակցության հիմնադիր համագումարին: Թե արդյոք շատ են ԲՀԿ-ի և «Ալյանսի» միջև տարբերությունները՝ Վահան Բաբայանը նշեց, որ այս պահին դեռ ծրագրերին ծանոթ չէ:

«Դեռ պետք է իրենց ծրագրերն առաջ քաշեն, ներկայացնեն անելիքները, մենք ուղղակի եկել ենք ողջունելու և հաջողություն մաղթելու մեր երիտասարդ գործընկերոջը»,-ասաց նա:

Կկայանա՞ կուսակցությունը, թե՞ ոչ, Վահան Բաբայանը գուշակություն անել չի ցանկանում։ «Ուզում եմ միայն հաջողություն մաղթենք ի շահ մեր հայրենակիցների ու ժողովրդի»,-ասաց նա:

Համագումարին ներկա էր նաև ԲՀԿ նախկին անդամ Մարտուն Գրիգորյանը, ով նշեց, թե եկել է, քանի որ իրենց ընկերներն են: Հարցին թե ծանո՞թ է գաղափարախոսությանը և հնարավո՞ր է անդամակցի նոր կուսակցությանը՝ Մարտուն Գրիգորյանը պատասախանեց. «Չեմ կարդացել, կներկայացնեն՝ կնայենք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել