Tert.am-ը գրում է.

Համաշխարհային պրակտիկան ապացուցում է, որ մշակույթի ցանկացած ոլորտ կարող է զարգանալ մասնավոր ներդրումներով: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

«Շատ երկրներում մասնավոր ներդրումները շատ ակտիվ են կիրառվում, Հայաստանը դեռ անցնում է իր անկախության ճանապարհը»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մշակույթի ոլորտի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն կա, ինչը  նկատվեց թատերական, համերգային ծրագրերի ֆինանսավորմամբ, հետագայում՝ նաև հուշարձանների ոլորտի ֆինանսավորմամբ:

Նա նշեց, որ ժամանակի ընթացքում կգնանք այն ճանապարհով, որով գնում են շատ երկրներ, սակայն դեռևս մենք պատրաստ չենք՝ հաշվի առնելով ներկա վիճակը:

Անդրադառնալով համաշխարհային գրականության ականավոր ներկայացուցիչ Վիլյամ Սարոյանի՝ ԱՄՆ-ում գտնվող տան վաճառքին՝ նա նշեց, որ տունը ձեռք բերողն այն պահպանելու է որպես տուն- թանգարան:  Նախարարը նկատեց, որ այդպիսի խնդիրներ բոլոր երկրներն էլ ունենում են:

«Այս գործընթացը բարեհաջող ավարտվեց»,-ասաց նա՝ նշելով, որ թեև տեղյակ չէ, թե ինչ է պատրաստվում անել տունը ձեռք բերող ամերիկացին, սակայն մոտ ապագայում նախարարի այցի ընթացքում այդ հարցի շուրջ քննարկում տեղի կունենա՝ չնայած հիմա այն պահպանվելու է որպես տուն- թանգարան:

Ինչ վերաբերում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տարածքի՝ բիզնես- կենտրոնի վերածվելու շուրջ խոսակցություններին, նախարարն ուղղեց՝ ասելով, որ խոսքը վերաբերում է թատրոնի տարածքի հետնամասին, և ոչ թե  թատրոնի տարածքին հատկացված հողատարածքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել