Վանաձորի բնակչուհի Ա.Մարտիրոսյանը պատմեց, որ 9-ամյա թոռնիկին շտապօգնության մեքենայով երեկ ուշ երեկոյան տարել են հիվանդանոց՝ ստամոքս-աղիքային խանգարումով ու բարձր ջերմությամբ, սակայն այնտեղ հետազոտության հետ կապված խնդիրներ են ծագել, անհիմն կերպով չպատճառաբանված ծախսեր պահանջվել: «Քաղաքում երեխաների շրջանում աղիքային հիվանդություններ են տարածված, ու երեխաների հետազոտումն ու բուժումը պետք է անվճար լինի, բայց բաժանմունքի վարիչը, չգիտես ինչու, գումար էր պահանջում դեղորայքի ու հետազոտման համար, պատճառաբանում էր, թե ժամը յոթից հետո սպասարկումը վճարովի է: Ասացի՝ ի՞նչ է, ժամը յոթից հետո երեխեքը ձյաձյաներ ե՞ն դառնում, որ յոթից հետո վճարովի է»,- պատմեց իմ զրուցակիցը, որ նաև նշեց, որ հրաժարվել է երեխային հիվանդանոցում պառկեցնելուց, քանի որ մտահոգություններ ու փաստեր ունի, որ երեխաները (հիվանդանոցում պառկել-լավանալուց հետո, չգիտես ինչու, կրկին հիվանդանում են 1 ամիս անց, հնարավոր է՝ սրսկումների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ կան, որոնց առթիվ կասկածները հազիվ թե հիմնավոր չլինեն, «օդից վերցված»): Ըստ այդմ, վերջինս նախընտրել էր երեխային ետ տանել տուն ու առայժմ տնային պայմաններում է կազմակերպում խնամքն ու բուժումը՝ չվստահելով հիվանդանոցային բուժմանն ու խուսափելով անհարկի ծախսերից: Այս համատեքստում էլ գանգատվեց, որ առհասարակ հիվանդանոցներում անվճար ոչինչ չկա, և «սանիտարներից մինչև բժիշկ՝ բոլորն էլ փող են վերցնում»: Սա արդեն նորություն չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել