Tert.am-ը գրում է.

Հարցերի հարց է մնում այն, որ պետական չինովնիկը քաղաքացուց դիմումներ չի ընդունում: Այս մասին այսօր ինտեգրված սոցիալական ծառայությունների թեմայով սեմինար- քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը՝ ներկայացնելով միասնական ընդունարանների հիմնման անհրաժեշտությունը:

«Մարդիկ գալիս են, նրանց պատասխանում են բանավոր, հետո պարզվում է, որ սխալ են պատասխանել, պարզվում է՝ մինչև վերջ չեն հասկացել մարդու խնդիրը: Այսինքն՝ գրավոր դիմումը  քաղաքացու իրավունքի իրացման երաշխիքն է: Այսինքն՝ ոչ ոք քաղաքացուն գրավոր չի պատասխանում, պետք է քաղաքացին իր դիմումը գրի, տա, քաղաքացուն էլ տրվի գրավոր պատասխան»,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Նա հավելեց, որ միասնական գրասենյակների  միջոցով լուծվելու է այն խնդիրը, երբ  քաղաքացին մի մարմնին տեղեկանք ներկայացնելու համար գնում է մեկ այլ մարմնից տեղեկանք է վերցնում, ինչը, որպես կանոն, վերածվում է մարդու համար տանջանքի: Չինովնիկական այս քաշքշուկը միասնական տեղեկատվակաան համակարգի առկայության դեպքում  այլևս հնարավոր չի լինի, քանի որ եթե քաղաքացին որևէ տեղ պետական մարմնին տեղեկանք ներկայացրած լինի, նա այլևս այն ներկայացնելու կարիք չի ունենալու՝ միասնական տեղեկատվական համակարգի ձևավորման շնորհիվ:

Քաղաքացիների կողմից դիմումների ընդունման  նպատակով առաջիկա երեք տարիներին Հայաստանի մարզերում կհիմնվի  56 միասնական գրասենյակ, դրանցից 18-ն արդեն իսկ կա,  որոնք լիարժեք չեն գործում:

Նախարարը վստահ է, որ  դիմումների ընդունման միասնական համակարգի ներդրման  արդյունքները շուտով կտեսնենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել