Tert.am-ը գրում է.

Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքների փոփոխություններին, ասաց, թե դրանք տարբեր շահարկումների առիթ են հանդիսացել:

«Իրականում եկամտահարկի օրենքի նախագիծը լավ օրից չէ, որ մշակվել է: Հայաստանցիների մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի: Թե ինչպես է այս օրենքը գործելու, դժվար է ասել, քանի որ մինչ այժմ մարդիկ մեկնում են սեփական նախաձեռնությամբ, իրենց ծանոթ-բարեկամի մոտ: Իսկ օրենքի փոփոխությունը ենթադրում է, որ եթե աշխատանքի մեկնողները կազմակերպված ձևով են մեկնում, ապա նրանց աշխատավարձից և այլ եկամուտներից գանձվող գումարը պետք է կազմի 13 տոկոս»,-ասաց Վազգեն Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ այժմ իշխանությունները մտածում են ինչ-որ կերպով հարկել այն գումարները, որոնք աշխատում են մեր հայրենակիցները: Վազգեն Սաֆարյանը կարծում է, որ այդ օրենքն ավելի շատ չի գործի, քան՝ կգործի:  Իսկ թե ինչպես են կազմակերպվելու այդ աշխատանքները՝ մշուշոտ է և դժվար է պատկերացնել:

«Այս դրույթն աշխատուժի արտահանման խնդիր է փորձում լուծել: Մեզանում շատ օրենքներ են ընդունվում և չեն գործում, կարծում եմ՝ սա էլ դրանցից մեկն է լինելու»,-նկատեց Սաֆարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ այսքան շատ օրենքների ընդունումը և փոփոխությունները հասարակության մոտ և տնտեսական կյանքում լարվածություն են առաջացնում, քանի որ հաճախ տնտեսվարողները չեն հասցնում ծանոթանալ օրենքներին, երբ արդեն նոր փոփոխության են ենթարկում տվյալ օրենքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել