Ֆիլմի դաժանությունն ու անկեղծությունը միանգամից վանում են հանդիսատեսին: Եվ դա իզուր չէ, քանի որ սա «ֆիլմ է ոչ բոլորի համար»:
Սարսափելի ֆիլմ: Ոչ սահմռկեցուցիչ, ոչ ահավոր, ոչ դաժան, ո´չ: Հենց սարսափելի: Ֆիլմի իմաստը հասկանալու փորձի ընթացքում հնարավոր է երկար ժամանակով դուրս չգալ շշմածության վիճակից: Իսկ իմաստը բոլորի աչքի առջև է. մարդիկ և միայն մարդիկ են իրենց ճակատագիրը տնօրինողները: Ֆիլմը փորձում է ցույց տալ «վերին ուժերի» տեսության անիմաստությունը: Մեր յուրաքանչյուր արարք ունի հետևանքներ և հաճախ` ամենաանսպասելի: 
Ֆիլմի սկզբում տեսնում ենք, թե ինչպես է ամեն ինչ վերջացել, և է´լ ավելի մեծ լարվածությամբ հետևում ենք, թե ինչպես է ամեն ինչ սկսվել: Ժամանակի հակառակ ընթացքի գաղափարն այստեղ լիովին արդարացված է. դա միանգամից ստիպում է կենտրոնանալ գործողությունների ընթացքի վրա: Բնականաբար, առաջին դիտման ընթացքում շփոթվելն օրինաչափ է, ինչպես և օրինաչափ է ֆիլմը ևս մեկ անգամ դիտելու ցանկությունը:
Ֆիլմում դաժան բռնաբարության տեսարանը պարզապես ռեժիսորի քմծիծաղն է այն ամենի հանդեպ, ինչ մշտապես տեղի է ունենում սովորական, առանձին վերցրած մարդու կյանքում: Յուրաքանչյուր ոք բազմիցս կատարել է արարքներ, գործողություններ, ընդունել է որոշումներ, որոնք բերել են աղետալի հետևանքների: Դա կարող է լինել մանր անախորժություն կամ էլ իսկական ողբերգություն:
Ֆիլմում դա հասցված է կատարյալ ողբերգության աստիճանի. կինը, լսելով օտարի խորհուրդը, իջնում է գետնանցում: Վե´րջ: Մի ակնթարթում աշխարհը փուլ է գալիս, նա բարոյապես ու ֆիզիկապես խեղված է, նրա ամուսինը` նույնպես, իսկ նախկին սիրեկանը աֆֆեկտի վիճակում այլանդակում է անմեղ մարդու, բայց նույնպես սրիկայի (մի ողբերգության մեջ ավելանում է մյուսը. դաժան հատուցման յուրօրինակ դրսևորում): Նրանց աշխարհը վերացավ, ֆիլմի հերոսների ճակատագրերը կոտրվեցին: Մեկընդմի´շտ:
Եվ սա կլիներ սովորական ֆիլմ, եթե ռեժիսորը դեպքերը չցուցադրեր վերջից սկիզբ: Հենց այդ պատճառով էլ հասկանալի է դառնում, թե ինչու է վերջը (սկիզբը) այդպիսի սարսափ առաջացնում: Թմրանյութերի ազդեցությամբ անդորրը, անվտանգ վիճակը, անձեռնմխելի երջանկությունը բերում են սարսափազդու սկզբին (վերջին):
Կարելի էր դեռ երկար խոսել այն մասին, թե ինչու է այս ֆիլմն այդքան լավը, կամ որոնք էին դրա թերությունները, բայց ճիշտ կլինի կարճ ձևակերպել այսպես. ոչ ոքի խորհուրդ չեմ տալիս դիտել այս ֆիլմը, խորհուրդ եմ տալիս ֆիլմը դիտել նրանց, ում գոնե 15-16 տարեկանն արդեն լրացել է: Ասեմ` ինչու: Եթե ցանկանում եք հայացք նետել Ձեր հոգու ներսը, ուրեմն պատրաստ եղեք նրան, թե ինչ կտեսնեք այնտեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել