Tert.am-ը գրում է․

Վերջին շրջանում գազալցակայաններում մեքենաների գազի բալոնների պայթյունները հաճախակի են  դարձել, որոնք նաև մարդկանց կյանքեր են խլում: Վերջին դեպքը Գառնիում տեղի ունեցած պայթյունն էր: Ինչի՞ հետևանքով են այդպայթյունները և որոնք են հիմնական պատճառները:

Tert.am-ի հետ զրույցում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Վլադիմիր Հովսեփյանն ասաց, որ հիմնականում խախտվում են տեխնիկայի անվտանգության կանոնները, այսինքն՝ լիցքավորում են բալոններ, որոնք գազի համար նախատեսված չեն, լիցքավորում են բալոններ, որոնք փորձաքննության ժամկետներ անցած չեն, ինչպես նաև չափից ավելի գազ են լիցքավորում:

Չափից ավելի գազի լիցքավորման խնդիրը, ըստ Վլադիմիր Հովսեփյանի, արդեն կարգավորվել է, քանի որ բաշխիչ աշտարակներն արդեն տեղադրվել են կառավարության որոշման համաձայն:

«Այդ հարցն արդեն կարգավորվել է, մնում է, որ մեքենայի վարորդները իրենց մեքենաների բալոնները հաճախակի ստուգեն, փորձաքննության ենթարկեն համապատասխան վայրերում, նոր միայն դիմեն լիցքավորման»,- ասաց Վլադիմիր Հովսեփյանը՝ ընդգծելով, որ գազի բալոնները տեղադրելիս էլ պետք է տեղադրեն համապատասխան սերտիֆիկացված մասնագետների մոտ:

Հարցին, թե բալոնների օգտագործման ժամկետ գոյություն չունի, և գուցե փորձաքննության չենթարկելու պատճառը գումարների հետ է կապված, Վլադիմիր Հովսեփյանը պատասխանեց.«Դա առանձնապես գումարների հետ չի կապված, պարզապես երկու տարին մեկ պետք է բալոնները փորձարկեն: Ոչ թե պետք է բալոնը փոխել, այլ պարտավոր են դիմել փորձարկման կայաններին: Կա կառավարության համապատասխան որոշում՝ գազով վերասարքավորված մեքենաների շահագործման վերաբերյալ, որտեղ այդ ամենն ամրագրված է, ուղղակի վարորդներն իրենք իրենց անվտանգությունից ելնելով պարտավոր են դա իրականացնել»:

«Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալի խոսքով՝ այստեղ նաև գազալցակայանների մեղքը կա. լիցքավորումից առաջ լիցքավորողը պարտավոր է ստուգել համապատասխան փաստաթղթերը. արդյո՞ք բալոնը փորձարկված է և նորմալ վերասարքավորված է, նոր հետո լիցքավորի:

«Հիմնականում պայթյունները լինում են այն դեպքում, երբ չփորձարկված գազի բալոնները տեղադրում են, պայմանավորվում են արհեստավորի հետ, ինչն անթույլատրելի է: Դա պետք է  անեն համապատասխան կազմակերպությունները»,- նշեց Վլադիմիր Հովսեփյանը՝ հավելելով. «Խնդրի լուծումը միակն է, թե՛ քաղաքացիները, թե՛ գազալցակայանները շահագործողները պետք է խիստ հետևեն անվտանգության կանոններին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել