Երեկ Ընտանիքի միջազգային օրն էր, որ ՄԱԿ-ը սահմանել է արդեն հեռավոր թվացող 1994-ին, ու այդ ժամանակվանից էլ սկսյալ նշվում է յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին: 
Ընտանիքի, որ հայերիս համար միշտ էլ համարվել ու համարվում է սրբություն, որ մեր ընկալումային համակարգում անձեռնմխելի է ցանկացած արտաքին միջամտության համար, որ մեզանից յուրաքանչյուրի մարդկային ու նաև ազգային նկարագրի սաղմնավորման ու հետագա ձևավորման ամենակարևոր ինստիտուտն է: Բայց: 
Այն, ինչ կատարվեց և շարունակում է կատարվել հայոց ընտանիքների հետ այս վերջին տասնամյակներում, մեր օրերում, իսկական ահազանգի առիթ է:
Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտանիքներ են քայքայվում: Եվ խոսքն այս դեպքում ամենևին էլ ամուսնալուծությունների թվի մասին չէ: Դա մի առանձին խնդիր ու երևույթ է, որն ավելի լավ է թողնել զանազան մասնագետներին ու նրանց համակողմանի ուսումնասիրությանը: 
Ընտանիքների քայքայում ասելով՝ այս դեպքում նկատի ունենք այն ակնհայտ ու համեմատաբար ոչ այդքան ցայտուն ավերածությունները, որ ձևավորված սոցիալ-տնտեսական դժվարությունները, զանազան նորամուծությունները, արժեհամակարգային շեղումներն ու խեղումները գործում են հայկական ընտանիքներում: 
Տեսեք. հազարավոր ընտանիքներ, տարբեր պատճառների բերումով, ըստ էության, ամբողջական չեն: Տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի, ինչպես հնում կասեին՝ պանդխտության: Լինում է, որ բաժանումը տարի կամ ավելին է ձգվում: Նրանք փող են աշխատում, որ պահեն իրենց ընտանիքը: Իսկ ժամանակն անցնում է, երեխաներն են հասակ առնում փաստացի անհայրության պայմաններում: Կանայք կտրվում են իրենց ամուսիններից, ծնողները՝ զավակներից և այսպես շարունակ: Լինում է, որ դրսերում հայտնվածները հենց դրսերում էլ մնում են ընդմիշտ, մի նոր ընտանիք կազմում հեռուներում։ 
Եվ եթե ազգերի զորությունը ընտանիքների մեջ է, իսկ դա այդպես է, ապա մեր ազգի զորությունն ամեն նման քայքայվող ընտանիքի հետ պակասում է: Ավելին՝ վերջին տարիներին շատերն ընդհանրապես ընտանիքներով են հեռանում կամ օտար ափերում տնավորվելով, հարմարվելով, իրենց մոտ են տանում ընտանիքի անդամներին: Այսպիսով գոնե ընտանիքի ամբողջականությունը պահպանվում է, սակայն արդեն երկիրն է թուլանում: Որովհետև զորությունը նաև ընտանիքների բազմության մեջ է: 
Բայց միայն արտագաղթը չէ: Ոչ պակաս հակաընտանեկան ավերածություններ են գործում սոցիալական այն դժվարություններն ու զրկանքները, որոնց հետևանքով ընտանիքներ են քայքայվում, ինչպես ասվում է՝ տեղում: Կամ, եթե անգամ չեն քայքայվում, ապա առնվազն լրջորեն տուժում են, քանզի հազարավոր ու հազարավոր մարդիկ օրվա մեծ մասը բացառապես աշխատանքի մեջ են լինում, այսինքն՝ չեն ունենում բավարար հնարավորություն ու ժամանակ՝ իրենց ընտանիքներին համապատասխան ուշադրություն դարձնելու համար: 
Ի վերջո, հո միայն տուն փող բերելո՞վ չէ: Մարդկային պարզ շփման վրա են կառուցվում շատ ու շատ բաներ: Իսկ շատ մարդիկ թեպետ նույն ընտանիքի անդամներ են, բայց կարելի է ասել՝ մարդավարի իրար երես չեն տեսնում, էլ ուր մնաց՝ շփվեն: 
Դե, իսկ այժմ միայն հպանցիկ կամ մտովի վերհիշենք այն բոլոր հարվածները, որ թիրախային հասցվում են ազգի զորությունն ապահովող այն կարևոր միավորին, որ կոչվում է ընտանիք և համարվում սրբություն: Դա և ամենատարբեր ու մեր բնույթին խորթ կրոնական աղանդների, հաճախ՝ տոտալիտար բնույթ ունեցող կառույցների ագրեսիվ ու հոգեորսական գործունեությունն է, և կասկածելի «արժեքների» հետևողական քարոզչությունը: 
Գումարենք դրան, առհասարակ, բռնության, անազնվության, սեռական սանձարձակության, եսասիրության էլ ավելի հետևողական ու տոտալ քարոզչությունը, և տխուր պատկերը կամբողջանա՝ դառնալով ողբերգական: 
Ու թերևս մեր ազգային կենսունակության մեծ ներուժն է, որ դեռ թույլ է տալիս պահել ընդհանուր պատկերն ու նկարագիրը: Բայց այդ ներուժն էլ, ի վերջո, անսպառ չէ, ու ժամանակի հետ այսօրվա սպառնալիքներն ու վտանգները, որպես տևական ազդեցության հետևանք, վաղն ուղղակի որակական խեղումների կհանգեցնեն: 
Այնպես որ Ընտանիքի օրը քիչ է: Մեր երկրում, թերևս, պետք է ընտանիքի ժամանակաշրջան հայտարարվի: Այսինքն՝ մեզ լուրջ տնտեսական, սոցիալական, բարոյահոգեբանական շրջադարձ է պետք: Այնպիսին, որը նպատակաուղղված կլինի պետության տնտեսական ամրապնդմանն ընդհանրապես և պետության ամենափոքր, բայց առանցքային տարրի՝ ընտանիքի բարեկեցությանը մասնավորապես: 
Դա է կարևորը: Հազարավոր խոսքերի ու բարեմաղթանքների փոխարեն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել