1. Ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում, Եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում: Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, Հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար: Հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ էր 8 լեզուների:

2. Հաճախել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-1970 թվականներին ընտանիքի հետ եղել է Եվրոպայի և Միջին Արևելքի 41 երկրներում, այցելել Արևմտյան Հայաստան` իր պապերի ծննդավայրը: Այդ տարիքում առաջին անգամ գիտակցել է իր հայ լինելը:

3. 1973 թ. նրան՝ որպես առաջավոր աշակերտի, փոխուսուցման ծրագրով ուղարկել են Ճապոնիա, որտեղ 18 ամիս սովորել է Օսակա քաղաքում: Այդ ընթացքում իր իսկ նախաձեռնությամբ ճամփորդել է Հարավարևելյան Ասիայի մի շարք երկրներում, այդ թվում` Հարավային Կորեայում, Կամբոջիայում, Թաիլանդում, Վիետնամում:

4. 1978թ. ավարտել է Կալիֆորնիայի Բերկլի համալսարանի հին ասիական ժողովուրդների պատմության և հնագիտության բաժինը` բացառիկ ընդունակությունների շնորհիվ ուսման 4 տարվա ծրագիրը յուրացնելով 2,5 տարում:

5. Ուսանելու տարիներին մի քանի ընկերների հետ հիմնել է Բերկլիի համալսարանի «Հայ ուսանողների միությունը»` նպատակ ունենալով համախմբել Բերկլիում սովորող սփյուռքահայ երիտասարդությանը, կազմակերպության միջոցով համապատասխան աշխատանք կատարել ազգային նշանակության խնդիրների լուծման համար:

6. 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

7. 1981 թվականին նրա մասնակցությամբ կազմակերպվեց հայտնի «Վան» գործողությունը, որը ՀԱՀԳԲ-ին հասցրեց իր պատմության գագաթնակետին:

8. 1981-ի նոյեմբերի 11-ին Ֆրանսիայի Օրլի օդանավակայանում Մոնթեն ձերբակալվեց կեղծ անձնագիր և ատրճանակ կրելու մեղադրանքով: Նա սկզբում դատապարտվեց 4 ամիս ազատազրկման, իսկ ավելի ուշ դատարանը որոշեց վտարել նրան Ֆրանսիայից: Դատարանում Մոնթեն հայտարարեց՝ «Բոլոր հայերը կեղծ անձնագրեր են կրում՝ ֆրանսիական, ամերիկյան, դրանք կեղծ կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք հայկական չեն...»: 1985-ին նա նորից կեղծ անձնագրով մտավ Ֆրանսիա, և մի քանի ամիս անց նորից ձերբակալվեց «ահաբեկչություն» կազմակերպելու մեղադրանքով: 

9. Մոնթեն բանտից դուրս եկավ 1989 թվականի հունվարի 16-ին և մի քանի տարի տարբեր երկրներում դեգերելուց հետո՝ ժամանեց Հայաստան, որտեղ արդեն սկսվել էր Արցախյան ազատագրական պայքարը: 

10. 1991թ. օգոստոսին 3-ին Մոնթեն ամուսնացավ: Պսակադրությունը կատարվել է Գեղարդավանքում:

11. Նա ընդունեց Ավո կեղծանունը և 1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ:

12. 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա իր անկեղծությամբ ու մաքրությամբ շահեց բնակչության սերն ու հարգանքը: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

13. 1993-ի հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են զրահամեքենայի: Կարծելով՝ հայեր են, մոտենում են, պարզվում է՝ ազերիներ են: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և ընկերը՝ Սարիբեկը: Հետմահու Մոնթեն արժանացավ «Ազգային հերոս» կոչմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել