Tert.am-ը գրում է.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության անդամ (Նախարար) Տիմուր Սուլեյմանովը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով շահութահարկի և եկամտահարկի վերաբերյալ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրերս ընդունված փաթեթի մասին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունում միմյանց հանդեպ եկամտահարկի մասով փոխադարձ պարտավորություններ չկան, և դա յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է: Հիշեցնենք, որ նախագծի քննարկման ժամանակ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հարցրել էր. «Իսկ դուք Ռուսաստանին հարցրե՞լ եք»:

-Պարո՛ն Սուլեյմանով, վերջերս Հայաստանի Ազգային ժողովում ընդունվեց նախագիծ, որով արտահանողների համար իջեցվեցին եկամտահարկի և շահութահարկի դրույքաչափերը: Սա հակասո՞ւմ է ԵՏՄ համաձայնագրի դրույթներին:

-ԵՏՄ համաձայնագրի շրջանակներում ամրագրված են պարտավորություններ, այդ թվում՝ակցիզների ու ԱԱՀ-ի, անուղղակի հարկերի առումով, բայց այնտեղ չկան պարտավորություններ դրույքաչափերի մասին: Դրանք սահմանվում են կոնկրետ անդամ-երկրների կողմից: Կան նաև պարտավորություններ, որոնք վերաբերում են հարկային բազային, տեղեկատվական փոխանակմանը , պարտավորություններ, որոնք վերաբերում են առանցքային ապրանքների դրոշմապիտակների ներդաշնակեցմանը, մասնավորապես՝ ալկոհոլի և ծխախոտի արտադրությանը:

Ինչ վերաբերում է ուղղակի հարկատեսակներին, ապա դառնալով եկամտահարկի կամ շահութահարկի դրույքաչափին, ասեմ, որ անդամ պետությունները միմյանց նկատմամբ պարտավորություններ չունեն: Սա ազգային իրավասության ենթակա հարց է, այլ խոսքով` ազգային կառավարությունների, Ազգային ժողովների և նախագահների: Հետևաբար, դրույքաչափերի իջեցումը կամ բարձրացումը, կամ, առհասարակ, հարկից ազատումը, կոնկրետ երկրի գերակայությունն է: Այսինքն՝ այն պետք է բխի երկրի սեփական տնտեսական, արդյունաբերական, սոցիալական խնդիրներից: Նաև այն պատճառով, որ տվյալ երկրի պետական բյուջեի եկամտային մասը երկիրն ինքն է որոշում՝ իր անհրաժեշտության չափով:

Եվ այստեղ, պատասխանելով Ձեր հարցին, նշեմ, որ որևէ հակասություն չկա ԵՏՄ համաձայնագրի հետ:

-Հարկային քաղաքականության համատեքստում ԵՏՄ-ի անդամ երկրների համար ի՞նչն է կանոնակարգված, ինչը՝ ոչ: Այլ խոսքով՝ մեր երկիրն այս հարցում ի՞նչ իրավասություններ ունի:

-Ինչպես գիտեք՝ բոլորի ինտեգրացիոն միություններում երկրները ձգտում են առավելագույնս պահպանել իրենց հարկային ինքնիշխանությունը: Եվ նույնիսկ այնպիսի քաղաքական միության, ինչպիսին ԵՄ-ն է, անգամ այս կառույցի մակարդակում երկրների հարկային ինքնիշխանությունը սրբորեն պահպանվում է: Այսինքն` Գերմանիան ինքն է որոշում իր դրույքաչափերը, Ֆրանսիան՝ իր, Հունաստանը՝ իր: Այդ իսկ պատճառով, ԵՏՄ շրջանակներում հարկային քաղաքականության՝ երկրի իրավունքների ու պարտավորությունների առումով ԵՏՄ համաձայնագրում շատ քիչ դրույթներ կան: Առևտրաշրջանառության ոլորտում անուղղակի հարկերի, այն էլ ավելի շատ վարչարարական բնույթի, հարկային վարչարարություն և զգայուն ապրանքախմբերի հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցում. սրանցից բացի, պետությունները հարկային քաղաքականության ոլորտում պարտավորություններ չունեն:

Այդ իսկ պատճառով, ոչ թե ինտեգրացիոն միավորման, այլ անդամ պետության իրավասության տիրույթում է հարկային քաղաքականության պրակտիկ ողջ զինանոցն ու գործիքակազմը:

 -Աշխատանքային միգրանտների աշխատանքային օրենսդրության լրացուցիչ փոփոխություններ նախատեսվո՞ւմ են, բացի նրանից ինչ կա, ինչի մասին արդեն գիտենք: Որ գործատուի հետ պայմանագրով, առանց պատենտի ՀՀ քաղաքացին կարող է աշխատել ԵՏՄ տարածքում:

 -Ենթադրում եմ, որ համաձայնագրի համապատասխան՝ աշխատանքային միգրանտներին ու և նրանց աշխատանքային ու սոցիալական երաշխիքներին վերաբերող բաժինն ընթերցել եք: Պայմանագրի այս հատվածը, ըստ իս, ունի ավարտուն տեսք և լրացուցիչ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա: Պարզապես անհրաժեշտ է ստիպել, որ այս ամենն աշխատի գործնական դաշտում՝ համատարած ու համակողմանի: Այսինքն՝ ամենուր, ոչ միայն Երևանում, Մոսկվայում, Աստանայում, Մինսկում, այլև ամեն տեղ, ուր մեր քաղաքացիները կմեկնեն աշխատելու համար: Որ ամենուր կիրառվեն համաձայնագրի դրույթները, որ անդամ երկրի ազգային օրենսդրությունը համապատասխան լինի համաձայնագրի դրույթներին: Կրկնում եմ՝ ամենակարևորն այն է, որ այս ամենն աշխատի գործնականում: Հիմա էլ աշխատում է, թեպետ կան առանձին բողոքներ, որոնք, իհարկե, զանգվածային բնույթ չեն կրում:

 -Խոսքը խոչընդոտների՞ մասին է:

 

-Հիմնականում միգրացիոն քարտերի հետ կապված դժգոհություններ են եղել. մարդիկ բողոքում են, որ դրանք, միևնույն է, ստիպում են լրացնել: Գումարած այն խնդիրները, որոնք առնչվում են սոցմատակարարմանը: Ահա սրանք են հիմնական խնդիրները: Իսկ ընդհանուր մեխանիզմն աշխատում է:

-Հայաստանում հանդիպել եք բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների ու պաշտոնատար անձանց հետ, ի՞նչ հարցեր են եղել օրակարգում:

-Ստացվել է այնպես, որ մենք հիմնականում քննարկել ենք հարկային ոլորտին վերաբերող խնդիրներ, ինչպես նաև հարկային վարչարարության: Նաև այն, ինչի մասին խոսել եմ, այն է, որ մենք ունենք պայմանագիր, առանձին բաժին, արձանագրություն, որը նվիրված է ԱԱՀ-ի և դրոշմապիտակների՝ անուղղակի հարկերի կանոններին և սկզբունքներին: Այն որոշակի առումով սպեցիֆիկ է, բարդ ու տարբերվում է նրանից, ինչ կար Հայաստանում մինչև 2015 թվականը: Մեզ համար էլ այն էականորեն տարբեր էր, քանի որ ստացվեց այնպես, որ մաքսավորները հեռացան սահմաններից, իսկ պետության ֆիսկալ շահերը մնացին: Այս իսկ պատճառով, մենք սկսել ենք որոնել այլ գործիքներ ու մեխանիզմներ՝ լուծելու մեր հայ գործընկերների խնդիրները , որոնց հիմա նրանք բախվում են: Գումարած` քննարկել ենք հարցերի մի մեծ խումբ, որը վերաբերում է հարկային մարմինների գործնական, առարկայական փոխգործակցությանը:

-Հայաստանի գործարարները, մասնավորապես, կոնյակագործները, գինեգործները դժգոհում են ՌԴ արտահանման էական նվազեցումից և դրա հիմնական պատճառ են մատնանշում ռուբլու փոխարժեքի տատանումները: Ի՞նչ լուծումներ եք տեսնում այս հարցում:

- Գլոբալ մակրոտնտեսական գործոնների վրա որևէ կազմակերպություն հազիվ թե կարողանա ազդել. ռուբլու անկումը տնտեսապես հիմնավորված միտում է: Բայց, այն, բնական է, ուժեղ ազդեցություն ունի երկրների առևտրաշրջանառության ու Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի ապրանքների մրցունակության վրա: Ինչպե՞ս վարվել այս դեպքում: Իհարկե, առաջին հերթին պետք է գտնենք մրցունակության ավելացման աղբյուրներ: Իսկ գլոբալ առումով, իհարկե, պետք է ելնել փոխարժեքային կոորդինացիայից , այն իրողությունից, որ երկրների միջև փոխարժեքային մեկուսացում չպետք է լինի: Եթե ունենք ԵՏՄ, ապա փոխարժեքային քաղաքականությունը, որը ինչպես գիտենք աշխարհում առանցքային քաղաքականություններից մեկն է, պետք է իրականացվի, և երկրները չպետք է որոշումներ ընդունեն, առանց մեկը մյուսի հետ խորհրդակցելու: Արդեն իսկ կան նման կոորդինացիայի տարրեր, բայց դրանք, ըստ իս, այնքան էլ ամուր չեն:

Համակարգված գործողությունների դեպքում փոխարժեքային ցնցումներն ու դիսբալանսները  ձեռնարկությունների համար պակաս ցավոտ կլինեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել