Որքան էլ տարօրինակ թվա, սակայն Ադրբեջանի հետ այս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը մի կողմից, և Թուրքիայի կողմից Հայոց Մեծ եղեռնի ճանաչման խնդրի առկայությունը մյուս կողմից, ձեռնտու է բոլորին, բացի մեզանից, թուրքերից ու Ադրբեջանից, քանզի այդ խնդիրներն են, որ «մեծ տերություններին» և անգամ Վրաստանի նման ոչնչություններին թույլ են տալիս շահարկումների, շանտաժի, բանսարկությունների միջոցով թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին և ինչու ոչ նաև մեզ ստիպել անել այն, ինչ իրենք են կամենում: Եվ քանի դեռ «մեծ տերությունների» հետաքրքրություններն այս տարածաշրջանում իրար հակասում են, ապա կայունության ու խաղաղության մասին խոսելն անիմաստ է: Այս առումով եռանախագահներ կոչվածների գործունեությունն առաջին հերթին ուղղված է այս տարածաշրջանում իրենց երկրների շահերի պաշտպանությանը և բնավ ոչ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը: Նրանց գործողությունները մեծ հաշվով կարելի է բնութագրել որպես փարիսեցիություն, եթե չասենք պոռնկություն…

Այդ պոռնկությունը տեղի է ունենում հենց այսօր, մեր աչքերի առջև: Թուրքիայի տարածքով Եվրոպան սնուցող գազամուղի երկու ծրագրեր են այսօր հակամարտում. մեկն Արևմուտքի կողմից հովանավորվող TANAP կոչվածը, մյուսը՝ Ռուսաստանի կողմից առաջ քաշվող և արդեն որևէ հեռանկարից զուրկ «թուրքական հոսքը»: Ռուսաստանի և Թուրքիայի կողմից անցած տարվա դեկտեմբերին գրեթե համաձայնեցված այդ «թուրքական հոսք» կոչված ծրագիրը խափանվեց ամերիկացիների կողմից: Թուրքիայի այդ ինքնագլուխ քայլին ընդդեմ խաղարկության հանվեց թուրքերի բոլոր խաղաքարերը «հեչ անող» և միշտ ամերիկացիների ձեռքին գտնվող «ջոկերը», այն է՝ նախագահ Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման և դրանից բխող անդարձելի և Թուրքիայի պետականության համար կործանարար հետևանքների առասպելը: Թուրքն անմիջապես ընկրկեց, և պատրվակն էլ պատրաստ էր.
Պուտինի ապրիլքսանչորսյան այցը Երևան որակվեց որպես ոչ բարեկամական քայլ, և ԻԲՐ այդ պատճառով կասեցվեցին «թուրքական հոսք»-ի հետ կապված «աշխատանքները»: Բայց սա դեռ պոռնկության մի մասն է: Խաղի բոլոր մասնակիցները փայլուն գիտեն ռուսական ծրագրի կասեցման ԲՈՒՆ պատճառները, որոնք վերբալ առումով օբյեկտիվ են. Եվրոպան ցանկանում է նվազեցնել իր կախվածությունը Ռուսաստանից և էներգակիրների այլ մատակարարներ է գտել: Եվ Ռուսաստանն էլ քաջ գիտե, որ եթե Պուտինն իր պապու ձեռքն անգամ բռնած գնար Գալիպոլի (ռուսիո համար նվաստացուցիչ քայլ), միևնույն է՝ «թուրքական հոսքը» չէր կայանալու: Եվ ահա այստեղ է, որ սկսվում է պոռնկության հաջորդ մասը:

Ռուսները ծրագրի ձախողման գլխավոր մեղավոր են նշանակելու մեզ՝ հայերիս, և դա արդեն երևում է իրենց մեդիատարածքներում: Իրականության հետ որևէ աղերս չունենալով՝ սա ռուսների համար շահեկան դիրքորոշում է, մանավանդ որ թույլ է տալու հարկ եղած դեպքում հաշիվ ներկայացնել հայերին ու դիմացը բան պահանջել:
Թուրքերի պարագայում ամեն ինչ առանց այն էլ պարզ է. հայերն ամեն ինչում և միշտ են մեղավոր: Արևմուտքի կողմից Հայկական հարցի այսչափ շահարկման գլխավոր նպատակն, իհարկե, Հայկական հարցի լուծմանը նպաստելը չէր, ինչպես շատերս միամտորեն կարծում ենք, այլ «երես առած» թուրքին իր տեղը ցույց տալն էր: Թուրքին կոպտորեն ասվեց, որ ինքն իրենից ոչինչ չի ներկայացնում և առանց «բոսերի» հետ խորհրդակցելու ինքնուրույն որևէ քայլ անելու իրավունք չունի: Արևմուտքի արածը ևս մեծ պոռնկություն էր, քանզի նա իր այդ քայլով թուրքերին է՛լ ավելի լարեց հայերի դեմ:

Սակայն պոռնկությունների շարքում սա դեռ վերջը չէ: Ամենամեծ պոռնկությունը մեր հանդեպ դարձյալ մեր եղբայր ռուսն է անելու: Նա ամեն կերպ փորձելու է խանգարել TANAP-ի իրականացմանը, և ամենից հեշտը նրա համար այս տարածաշրջանում քաոսային վիճակի ստեղծումն է: Նա դա անելու է Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության երկարատև սրման միջոցով:

Այսօրվա ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակը, ցավոք, դեռ երկար կարող է շարունակվել: Սովորելով ապրել այս պայմաններում՝ մենք պիտի փորձենք հասկանալ իրենց մեծ անվանող տերությունների խաղացած «խաղի» տրամաբանությունը, կամաց-կամաց «վեցնոցից» վերածվենք խաղի մասնակցի ու ինքներս էլ մեր խաղը խաղալով՝ փորձենք առավելագույն «բոնուսներ» վաստակել մեզ համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել