Tert.am-ը գրում է.

Բացառությամբ թուրքական կառավարության հետ կապված մի փրինսթոնյան պատմաբանի, ես չեմ ճանաչում օսմանյան ժամանակաշրջանի կամ ցեղասպանության հարցերով զբաղվող որևէ լուրջ գիտնականի, ով կարծում է, որ 1915-1916թթ. 1.5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն չէր:

Այս մասին գրել է վերլուծաբան Ստյուարտ Շվարցենշտեյնը ԱՄՆ Կոննեկտիկուտ նահանգում լույս տեսնող «Jewish Leader» ամսագրում տպագրված իր հոդվածում, որը ներկայացնում ենք ստորև.

 «Ինչպես շատ ընթերցողներ անկասկած գիտեն, ապրիլի 24-ին լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես կիրառում եմ այս տերմինը գիտակցաբար: Բացառությամբ թուրքական կառավարության հետ կապված մի փրինսթոնյան պատմաբանի՝ ես չեմ ճանաչում օսմանյան ժամանակաշրջանի կամ ցեղասպանության հարցերով զբաղվող որևէ լուրջ գիտնականի, ով կարծում է, որ 1915-1916թթ. 1.5 միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն չէր: Դժբախտաբար, Թուրքիայի կառավարությունը շարունակում է հրաժարվել ընդունել, որ Մեծ եղեռնը ցեղասպանություն էր: Բազմաթիվ կառավարություններ և օրենսդիր մարմիններ կատարել են դա, բայց ԱՄՆ կառավարությունը չի ցանկանում լարել հարաբերությունները Թուրքիայի հետ, չնայած որ Նախագահ Օբաման իր սենատոր եղած ժամանակ արել է դա, ինչպես անգամ Նախագահ Ռեյգանը: Հռոմի պապը ևս բոլորովին վերջերս հայտարարեց, որ հայերի սպանությունը ցեղասպանություն էր, որից հետո թուրքական կառավարությունը հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին: Իսրայելի կառավարությունը, ինչպես ԱՄՆ կառավարությունը, պաշտոնապես չի ճանաչել սպանությունները որպես ցեղասպանություն Թուրքիայի հետ հարաբերությունները չփչացնելու մտավախությամբ՝ չնայած շատ իսրայելցիներ (ներառյալ՝ «Երուսաղեմ փոստի» խմբագիրները) օգտագործում են ցեղասպանություն տերմինը: Հրեաների համար առկա է մի լրացուցիչ հանգամանք. ոմանք հավատում են, որ համատարած անտարբերությունը այդ խոշոր ողբերգության հանդեպ ոգեշնչել է Հիտլերին և նացիստներին հրեաների ցեղասպանությունն իրականացնելիս: «Ով է հիշում հայերին»,-ասել է Հիտլերը:

Ի հակադրություն Թուրքիայի Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և թուրքական կառավարության ժխտողականության, (ինչ-որ մեկը կարող է դա համարել հիմարություն), գերմանացիները ոչ միայն ընդունել են Հոլոքոստի մեղքը, ավելին՝ Գերմանիայի նախագահներից Ռիխարդ Վայցզեքերը, ով մահացավ անցյալ տարի հունվարին, այս հարցում միանշանակ էր, շահագրգիռ և անկեղծ: Որոշ ընթերցողներ կարող են հիշել 1987թ. մայիսի 8-ին Բունդեսթագում նրա ելույթը Բիթբուրքգի գերեզմանատուն Ռեյգանի անզգույշ այցելությունից հետո: Երկրորդ աշխարհամարտի ավարտի 40 ամյակին նվիրված իր ելույթում ֆոն Վայցզեքերը ընդգծել է. «Ամենից առաջ սա օր է՝ հիշելու մարդկանց կրած զրկանքները և մենք ոգեկոչում ենք, մասնավորապես, վեց միլիոն հրեաներին, ովքեր սպանվել էին գերմանական համակենտրոնացման ճամբարներում: Հրեաները հիշում են և միշտ են հիշելու: Որպես մարդ արարածներ մենք հաշտություն ենք ցանկանում: Բնականաբար սրա համար մենք պարտավոր ենք հասկանալ, որ չի կարող լինել հաշտություն առանց հիշողության»:


Ռիխարդ ֆոն Վայցզեքերի ոչ երկիմաստ ելույթը չպետք է մոռացվի և դա պետք է հանգեցնի նրան, որ թուրքական կառավարությունը սովորի գերմանացիներից, ովքեր, խորը վշտով ճանաչելով վեց միլիոն հրեաների ցեղասպանության համար պատասխանատվությունը, դարձրեցին հաշտությունը հնարավոր»:

Ստյուարտ Ջ. Դ. Շվարցենշտեյնը ավելի քան 30 տարի աշխատել է ԱՄՆ արտաքին հարաբերությունների ոլորտում պաշտպանության և պետական դեպարտամենտներում՝ զբաղեցնելով տարաբնույթ պաշտոններ՝ դիվանագետ, վերլուծաբան, բանակցող խորհրդական և պլանավորող:

Նա նաև աշխատել է մի քանի ուղեղային կենտրոններում, ներառյալ Վաշինգտոնում տեղակայված Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում:

Իսկ ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (1992-1996), նա հսկայական աշխատանք է կատարել Իրաքի հիմնախնդրի հետ կապված, մասնավորապես կենտրոնանալով Սադամ Հուսեյնի և նրա վարչակարգի կողմից մարդու իրավունքների ոտնահարման հարցերի վրա:

2004թ. Բաղդադում նա աշխատել է Կոալիցիոն ժամանակավոր վարչակազմում որպես Գիտության և տեխնոլոգիաների նախարարի և Իրաքի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի խորհրդական:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել