Tert.am-ը գրում է.

«Երբ փոքր էի, տատիկս ինձ կենդանիների մասին պատմություններ էր պատմում, որոնք հաճույքով լսում ու ծիծաղում էի։ Երբեմն էլ հեքիաթի կեսից քնում էի։ Հասունության շրջանում էլ տատս սկսեց իրենց հայ հարևանների մասին պատմել». ասված է «Ենի Հայաթ» թուրքալեզու կայքի խմբագրականում։

Հոդվածը ներկայացնում ենք մասնակի կրճատումներով. 

«Մի առավոտ արթնացել ու տեսել էին, որ հայ հարևաններն այլևս չկան։ Միայն տատիկս չէ, մեր բոլոր ազգականներն են տխրել հայերի համար։ Տատիկս ողջ ընտանիքը ոչնչացված մի տղայի մասին էր պատմում։ Չնայած պապերս նրան հարազատ որդու պես էին վերաբերվել, նա այլևս ոչ ոքի չէր վստահել։

Մեր գյուղի իրական անունը Զարիկ է՝ հայերենով ծաղկի անուն է նշանակում։ Մեր գյուղում դեռ պահպանվել են հողին հավասարեցված երկու եկեղեցիների ավերակները։ Մերոնք նախկինում հայերի ապրած վայրերում չեն ապրում։

Հայոց ցեղասպանության ընթացքում մոտ 40.000 հայ Դերսիմում ապաստան գտավ։

Քուրդ գործիչ Ահմեթ Թուրքն ասում էր, որ իր նախնիների ձեռքին հայերի արյունը կա, և այդ պատճառով ներողություն էր խնդրել հայերից։

Տատիկիս ու ազգականներիս պատմածների համեմատ՝ պետական պաշտոնական թեզերն ինձ համար ոչ մի նշանակություն չունեն։ Օսմանյան կայսրությունը երիտթուրքերի ձեռքով հայերին ցեղասպանության ենթարկեց։ Վախճանվող կայսրությունն իր ողջ զայրույթը հայ քրիստոնյա համայնքից առավ, և այդ ամենի մասին տեղյակ էր Գերմանիան։ Ցեղասպանության մասին Հիտլերի խոսքերը հենց այնպես չեն ասվել։

Ցեղասպանության 100-ամյակին այն ճանաչած Եվրախորհրդարանին ու Հռոմի Ֆրանցիսկոս պապին հետևեց Ավստրիան։ Ցավոք, արևմտյան որոշ ուժեր մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարումը եղած Հայոց ցեղասպանության հարցն առևտրի են վերածել։

ԱՄՆ-ի 41 նահանգ ճանաչել է Ցեղասպանությունը։ Բարաք Օբաման ընտրվելուց հետո Ցեղասպանությունը ճանաչելու խոստումը չիրականացրեց։

Չնայած այս տարի էլ «ցեղասպանություն» բառը չօգտագործեց, սակայն նույն նշանակությունն ունեցող մեկ այլ հայտարարություն արեց՝ նշելով, որ 1915-ից սկսած Օսմանյան կայսրությունից հայերն աքսորվել, սպանվել ու մահվան երթի են դուրս եկել։ Իրենց պատմական հայրենիքից ջնջվել է նրանց մշակույթն ու ժառանգությունը և որ այդ բռնություններին 1.5 մլն հայ է զոհ գնացել»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել