Երբ Դաշնակցությունը նոր էր դուրս եկել Հրաշալի քառյակի ֆորմատից, ԲՀԿ-ն ու հատկապես ՀԱԿ-ն ինչ պիտակ ասես, որ չկպցրեցին ՀՅԴ-ի վրա, ու հիմա էլ որոշ գործիչներ՝ արմատական ընդդիմության ճամբարից, շարունակում են անել դա՝ քննադատելով ՀՅԴ-ի համագործակցության եզրեր փնտրելու փորձն իշխանությունների դեմ։

Երբեք չեմ եղել ՀՅԴ-ի համակիր ու առանձնապես չեմ կիսել նրանց տեսլականը, բայց մի բան վստահ կարող եմ ասել. եթե հայաստանյան քաղաքական ուժերից մեկը կարող է հավակնել դասական քաղաքական կուսակցություն լինելուն, ապա դա միայն ՀՅԴ-ն է։

Հայաստանցիներն այս տարիների ընթացքում այդպես էլ չսովորեցին տարբերել քաղաքականությունը մեսիականությունից, քաղաքական պայքարը՝ թշնամությունից, ռազմավարությունը՝ պոպուլիզմից։ Դասական խոսք կա. քաղաքականությունը հնարավորի արվեստն է։ Ասել է թե՝ քաղաքական ուժը պետք է ամեն հարիր հնարավորություն օգտագործի, եթե կարող է օգտագործել ի շահ իրեն ու իր նպատակների, իսկ դա ենթադրում է կոմպրոմիսներ, մարտավարական նահանջներ ու ընդհակառակը՝ առաջխաղացում։

Ու այս առումով ՀՅԴ-ն իդեալական օրինակ է։ Երբ որ պետք էր, ՀՅԴ-ն ամենաակտիվ մասնակցությունն ունեցավ իշխանությունների կողմից առաջ մղվող կենսաթոշակային ռեֆորմների դեմ պայքարում, ու չմոռանանք, որ հենց ՀՅԴ-ականներն էին ՍԴ-ում ընդդիմադիր ճամբարի առաջնագիծը ներկայացնում, և այդ պայքարը պսակվեց հաջողությամբ։

Ամիսներ անց ՀՅԴ-ն դադարեցրեց իր մասնակցությունն ընդդիմադիր ճամբարի հակաիշխանական ելույթներին, և արդյունքում այսօր խոսում են, որ կուլտուրային բանակցություններ են տարվում ՀՅԴ-ին նախարարական պորտֆելներ տալու ու գաղտնի կոալիցիա կազմելու մասին։ Կարծում եմ, որ սա էլ նորմալ է ու լրիվ տեղավորվում է դասական քաղաքականության կանոնների մեջ, երբ քաղաքական կուսակցությունը շարունակում է իր համար դիվիդենտներ փնտրել՝ մարգինալացվելու ու աննկենսունակ հնություն դառնալու փոխարեն։

Այնպես որ, նորմալ է պետք վերաբերվել այս ամենին, առավել ևս, որ նույն քաղաքական խաղի կանոններով ոչ մի հավերժ բան չկա. էսօր կմտնեն կոալիցիա, վաղը դուրս կգան կոալիցիայից, հետո էլի կմտնեն... Բա ի՞նչ, քաղաքականությունը շարժում է ու դինամիկ է, ոչ թե տարիներ շարունակ կրկնվող բաներ բացականչելն ու ոչինչ չանելն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել