Tert.am-ը գրում է.

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ 1915-ին հայերի դեմ տեղի ունեցածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչելուց հետո Թուրքիայի մի քաղաքացի դիմել էր դատարան՝ բողոքելով կաթոլիկ աշխարհի առաջնորդի դեմ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ենի Աքըթ» պարբերականը, Իզմիրի բնակիչ Ջոշքուն Ըշըքը Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հայց էր ներկայացրել ընդդեմ Հռոմի պապի՝ նշելով, որ Պապը «զրպարտել ու ատելություն է սերմանել» թուրքերի հանդեպ։

Նրա հայցը, սակայն, մերժվել է Իզմիրի գլխավոր դատախազության կողմից։ Դատախազությունից պատճառաբանել են, թե անձը, ում դեմ մեղադրանք է ներկայացվել, պետության ղեկավար է և դիվանագիտական անձեռնմխելիություն ունի։

Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ էր մատուցվել, որի ընթացքում էլ Հռոմի պապը հայերի հանդեպ կատարվածը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» էր որակել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել