Մի տեխնիկական գործ էի անում – տպիչի տեղը փոխել էի, էլեկտրական երկարացուցիչ (удлинитель) էի վերանորոգում, որ միացնեմ… Քանդեցի այս ապրանքը, ընդհատված տեղը միացրեցի և նորից հավաքեցի: Ինչպես վայել է հայ գրագետիս շնորհքին` մի մաս “ավելացել” էր և անտեր ինձ էր նայում… Ի՞նչ անեմ, միացնեմ` կաշխատի, արժե՞ էս դետալը տեղը դնելու համար նորից քանդել… Այստեղ ինձ կողքից նայեցի ու տեսա մեր հայկական հիվանդություններից մեկը…

Ինչպե՞ս նկարագրեմ այդ հիվանդությունը… Ասենք` մարդ մի գործ է անում – այս գործը անել-ավարտելը պահանջում է ճշգրտություն, մարդու մտածումի և զգացումի սևեռուն համատեղում: Սրա միջոցով գործը լինում է ավարտուն ու անթերի… Այսպես է աշխատում արևմտյան մարդը, գոնե` նյութի ասպարեզում: Նաև կառավարման մեջ: Հայ մարդը, հատկապես` Հայաստանում, որևէ գործ անելիս` համակողմանի ու արվեստորեն չի քննում այն, իր համար չի պարզում դետալները, ներդաշնության պայմանները… Եվ ամեն գործի մեջ՝ հաց թխելուց սկսած մինչև պետության կառավարում, կիսատ-պռատության մի կնիք է զգացվում…

Այսպես մտածեցի, որոշեցի բուժվել հին հիվանդությունից, նորից քանդեցի երկարացուցիչը և հավաքեցի… Ապա ուշադիր նայեցի սեղանին և հայտնաբերեցի, որ մի աննշան, բայց շատ ֆունկցիոնալ դետալ ևս «ավելացրել» եմ: Սա մի տափակ ասբեստի շերտ էր, որ գրկում-սեղմում էր ներս մտնող լարերը, անշարժացնում… Ինձ ոչ ոք չէր նայում, ոչ ոք չէր տեսնում արածիս թերությունը… Միայն ԵՍ ԷԻ ՏԵՍՆՈՒՄ: Բայց ախր արդեն աշխատում է, և ժամանակ էլ չկա… Բայց չէ՜, որոշեցի ԻՆՔՍ ԻՆՁ ՉԽԱԲԵԼ – նորից քանդեցի երկարացուցիչը և վերջապես անթերի հավաքեցի… Հնացած հիվանդության բուժման մի նախնական քայլ արեցի…

Ասեմ, որ էս հիվանդությունը մեր բնիկ գենի մեջ չկա, սա ձեռքբերովի հիվանդություն է, - հայ գենը աննման աշխատավոր է... Գործը անել մաքուր, հստակ, կատարյալ:

Տպիչով մի հոյակապ գիրք տպեցի… Հա՜, գրքի հեղինակը մի հայտնի ԷԼԵԿՏՐԻԿ Է, աշխատությունը մարդկանց ԼՈՒՅՍ հասցնելու մասին է…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել