Tert.am-ը գրում է.

Ավագ լեյտենանտ, վաշտի հրամանատար, Անդրանիկ Քոչարյանը, ով ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի կողմից «Արիության» մեդալով է պարգևատրվել, Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ անցած տարի գրանցված դիվերսիայից հետո իրենց հենակետում կատարվել են ինժեներական հավելյալ աշխատանքներ: Հենակետը դարձել է ավելի ամուր, կացարանն այլևս անհնար է դիտարկել և ուղիղ կրակ բացել:

«Հիմա լարվածություն չկա, դիվերսիային մշտապես պատրաստ անձնակազմն ավելի ուշադիր ու զգոն է, գիտի, որ հակառակորդը տվյալ գործողություններն ինչ քայլերով է կատարում»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: 

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Հակառակորդին ետ մղելու հարցում մեծ դեր է ունեցել Անդրանիկ Քոչարյանը՝ գրագետ և առանց խուճապի կազմակերպելով պաշտպանությունը: Մարտի ամենասկզբում պաշտպանության բանակը ունեցել է մեկ կորուստ. զոհվել է եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:

Անդրանիկ Քոչարյան


Ի պատասխան հարցի, թե դիվերսիոն փորձը հոգեբանական ի՞նչ ազդեցություն է ունեցել զինվորների վրա, արդյո՞ք վախ կա, ի՞նչ աշխատանքներ են տարվել նրանց պատրաստվածության բարձրացման ուղղությամբ, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Այդ դեպքից հետո մեզ համար ամբողջությամբ պարզ դարձավ, թե ինչպես է հակառակորդը մարտը վարել»։


Նա վստահեցրեց, որ զինվորներն իրենց մարտական պատրաստության դասերը, պարապմունքները կարողացել են կատարել լավ, ինչի ուղղությամբ ամեն օր աշխատանքներ են տարվում, և փորձը ցույց է տալիս, որ զինվորը պատրաստ է գործողություններ կատարել, կարող է ավելի լավ մարտ վարել հակառակորդի հետ, որովհետև անմիջականորեն զգացել է, թե հակառակորդի հետ մարտի մեջ մտնելն ինչ է:


Հարցին, թե ի՞նչ է ցույց տալիս փորձը՝ հակառակորդը երկրորդ անգամ թիրախավորո՞ւմ է նույն դիրքը, ավագ լեյտենանտը պատասխանեց, որ չի բացառվում, որ նույն տեղից նորից դիվերսիայի փորձ կատարեն։ «Մենք, համենայնդեպս, գիտենք վտանգավոր ուղղությունները և ուշադիր ենք լինում»,-ասաց նա։


Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ այսօր էլ հակառակորդի կողմից առաջնագծում հաճախակի կրակոցներ լինում են։ «Այնպիսի օրեր չկան, որ նրանք ավելի շատ կամ քիչ են կրակում, պարզապես գիշերային ժամերին ավելի շատ են լինում կրակոցներ։ Ինձ թվում է՝ իրենք վախից են կրակում»,-ասաց նա` ավելացնելով, թե կապ չի տեսնում միջազգային հանրության կամ նախագահների հայտարարությունների հետևանքով կրակոցների հաճախակիության կամ նվազեցման միջև։



Զինծառայողները վստահեցնում են, որ դիվերսիան որևէ կերպ ընկճել իրենց, հակառակը, այն ավելի է կոփել նրանց։ Տասնմեկ ամիս ծառայության մեջ գտնվող Ալբերտ Նախշիկյանն ասում է, որ ծառայությունն անցնում է շատ նորմալ և բոլորն են պատրաստ կռվել։ Իսկ պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մհեր Կարապետյանի խոսքով՝ դիվերսիայից հետո իրենք առավել ուշադիր են, տղաների «դուխը» շատ բարձր է։


Շարքային զինծառայող Մհեր Միսակյանը գիշերները հաճախ է մտածում հակառակորդի հնարավոր գործողությունների մասին և գտնում է, որ երկու տարբերակ կա՝ կա՛մ պետք է կռվել, կա՛մ սպասել, որ «հակառակորդը գա և խփի»։ «Եթե վախենաս ու թաքնվես, միևնույն է՝ խփելու են»,- ասաց նա և նշեց, որ ապրիլի 24-ից հետո կրակոցները նվազել են։

Մհեր Միսկյանը նաև ասաց, որ երբ կրակում են՝ ավելի հանգիստ ես լինում, իսկ երբ ոչ՝ անհանգստանում ես և մտածում, որ ինչ-որ բան է լինելու։


Լիպարիտ Հակոբյանն ասում է, որ հիմնական լարվածությունը երեկոյան ժամերին է սկսվում և տևում մինչև վաղ առավոտ։ Նրա խոսքով՝ դիրքերում օրն ավելի լավ, հետաքրքիր ու ուրախ է անցնում, քանի որ այստեղ ընտանիքի նման են, մեկը մյուսին ավելի լավ է հասկանում, ներանձնային խնդիրներ չեն լինում։ «Մեկս մյուսի նկատմամբ ախպերավարի ենք, ինչպես ընտանիքում»,-ասաց նա։ 


Զինվորներն ասում են, որ շատ են գնահատում իրենց «հավատարիմ ընկերներին»՝ շներին, որոնք մեծամասամբ թեև երեք ոտքով, բայց շարունակում են «ծառայել» դիրքերում. ոտքը շները կորցնում են՝ պայթելով ականի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել