Tert.am-ը գրում է.

Խիստ հսկողություն պետք է սահմանվի, որպեսզի Ազգային ժողովում մշտական հանձնաժողովների նիստերում կամ այլ ամբիոններում պատգամավորների հարցերին պատասխանեն նախարարները, ոչ թե փոխնախարարները, իսկ եթե գալիս են փոխնախարարները, ապա պետք է ներկա լինեն նաև նախարարները:

Tert.am-ին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պատգամավորների դժգոհություններին, որ նիստերին չեն գալիս նախարարները։ Նա նաև նշեց, որ հետևողական է լինելու այս հարցում:

«Այդ հարցը, այո, պատգամավորները բարձրացրել են, որ շատ դեպքերում փոխնախարարները չեն կարողանում լիարժեք պատասխան տալ, որովհետև քաղաքական պատասխաններ պետք է տան նախարարները: Այդ իսկ պատճառով, խիստ հսկողություն պետք է սահմանենք, և նաև Հայաստանի վարչապետը ինքն է հանձնարարել, որ բոլոր նախարարները լինեն ոչ միայն հանձնաժողովների, այլ Ազգային ժողովի լիագումար նիստերին»,– ասաց պատգամավորը

Վահրամ Բաղդասարյանի խոսքով, եթե ինչ–ինչ պատճառներով պետք է գա փոխնախարարը, որը կարող է հարցը լիարժեք ներկայացնել մասնագիտական տեսանկյունից, ապա ներկա լինի նաև նախարարը, որպեսզի կարողանա պատասխանել քաղաքական հարցերին:

Միակ բացառությունը կլինի հարգելի բացակայություններին՝ գործուղումներ, հիվանդություն և այլն: «Մնացած բոլոր դեպքերում այդ հարցը շատ խիստ է դրված և ես՝ որպես խմբակցության ղեկավար, պետք է հետևողական լինեմ, որ բացակայություններ այսուհետ չլինեն, որպեսզի չլինեն նաև շահարկումներ»,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ–ական պատագամավորը նշեց, որ եղել է այնպես, որ ուրբաթ օրերին հրավիրված հանձնաժողովի նիստերում, երբ առջևում ԱԺ լիագումար նիստն է, փոխնախարարները պատրաստ չեն եղել հարցին պատասխանելու:

«Իսկ ինչպես պետք է մենք քննարկենք հարցը, եթե դրա վերաբերյալ լիարժեք պատասխան չենք ստացել»,– հարցրեց Վահրամ Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ ըստ 168 am-ի՝պատգամավոր Հրանտ Բագրատյանը կոչ էր արել ՀՀԿ-ականներին՝ հետևել ԱԺ-ի վարկին, քանի որ քննարկումների ժամանակ կառավարությունից ներկա են լինում փոխնախարարների կամ վարչության պետերի մակարդակով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել