Դարեր շարունակ պետականություն չունենալով՝ մենք շատ թանկ գին վճարեցինք մեր անկախությունը վերականգնելիս և պարտավոր ենք այն փայփայել: Մենք չենք կարող ներել դավաճանությունը, մենք չենք կարող հարգել օրինախախտին, մենք չենք կարող... Ճակատագիրը մեզ բաժին է հանել թշնամական և պոտենցիալ թշնամական հարևաններ, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է առավել զգոն և ուշադիր լինենք մեր հայրենիքի նկատմամբ: Շատ հաճախ մեզ կարող է թվալ, որ այս կամ այն քայլը մենք անում ենք` սիրելով մեր հայրենիքը, բայց իրականում վնասենք նրան: Համացանցը հնարավորություն է տալիս յուրաքանաչյուրին արտահայտվել, բարձրաձայնել իր տեսակետը, բայց յուրաքանչյուրս պարտավոր ենք գիտակցել մեր խոսքի արժեքն ու նշանակությունը, և ցանկալի է, որ յուրաքանչյուրս մնանք մեր բնագավառում: Բազմիցս նշել եմ, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական պատկերացումներ ունեցող գործիչները, այլ ոչ էմոցիոնալ մարդիկ, ովքեր կարող են անել քայլեր, որոնք կկործանեն և՛ իրենց, և՛ կհարվածեն Հայաստանի միջազգային հեղինակությանը: Այն, ինչ արեց Տիգրան Խզմալյանը, անթույլատրելի է, բայց սա պետք է դաս լինի զգացմունքներով առաջնորդվող այլոց համար, ովքեր ժամանակ առ ժամանակ հանդես են գալիս հրապարակային անհեթեթ և անընդունելի հայտարարություններով: Յուրաքանչյուրս մեր տեղում, մեր նվիրական աշխատանքով կարող ենք զարգացնել և զորեղացնել մեր պետությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել