Կինոռեժիսոր, Հիմնադիր խորհրդարանի նախկին անդամ Տիգրան Խզմալյանի հարցազրույցը Haqqin.az կայքին երեկ դարձավ համացանցի ամենաշատ քննարկվող թեման, չնայած, ըստ էության, այդքան ուշադրության արժանի չէր: Տիգրան Խզմալյանը նույնիսկ չհերքեց, որ դա իր հարցազրույցն է, ու փորձեց այդ ամենը ներկայացնել «հումանիզմի» քողի ներքո:

Նշենք, որ Haqqin.az կայքն ադրբեջանական քարոզչական հարթակ է, որտեղ կարելի է գտնել ցանկացած «քարոզչական աղբ», իսկ վերջերս կայքում տեղ էր գտել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար հայերի կողմից 25 մլրդ դոլարով կաշառելու մասին ինֆորմացիան:

Հարց է առաջանում՝ կինոռեժիսոր մարդն այլ անելիք չուներ, որ զօրուգիշեր Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին մրոտող լրատվամիջոցին պետք է բողոքեր Հայաստանի ներքին վիճակից: Միգուցե Խզմալյանը փորձում է հերոստրատյան հեղինակություն ձեռք բերել, քանի որ հերիք չէ, որ բարձրացած աղմուկից հետո չի պապանձվում՝ ափսոսալով տեղի ունեցածի համար, մի բան էլ իրեն դարձի բերողներին անվանում է քաղքենի:

Խնդիրն այն է, որ Խզմալյանը դեռևս լավ չի պատկերացնում, թե ինչ է նշանակում «ադրբեջանական քարոզչություն» և «ազերիական քաղաքականություն» ասվածը, երբ քնած մարդուն գազաբաբար սպանողը կարող է հերոսացվել, անզեն և մոլորված գերին կարող է խոշտանգվել այնքան, մինչև հասնի մահվան դուռը և այսպես շարունակ:

Ի՞նչ է, Խզմալյանը «հումանիստ» է ներկայացնում գազանային կանոններով շարժվող մի պետությա՞նը, որի համար մարդկային կյանքն արժեք չունի:

Տրամաբանորեն դեռ ուշ չէ` Խզմալյանը կարող է հրաժարվել իր քաղաքական մայմունությունից և փրկել իր դեմքը, այլապես նա կարող է դասվել ադրբեջանական հերոսների շարքին:

Հ.Գ. Ինչպես ասում են՝ գործիդ կաց, ռեժիսոր ես, քո գործով զբաղվիր, թե չէ ի՞նչ ես քիթդ խոթում մեղուներով լի փեթակը: Չնայած վերջերս նոր մոդա է ձևավորվել՝ ով ձախողվում է մասնագիտական ոլորտում, սկսում է քաղաքականությամբ զբաղվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել