Նոր իմացա, որ նոր օրենք են ուզում ընդունել, որով ընտանիքի միակ արու զավակը հանդիսացող ժամկետային զինծառայողներին այլևս չեն ներգրավի առաջնագծում դիրքապահ ծառայությանը։ Առաջին հայացքից այս օրենքը շատ դրական ու հեռանկարային է թվում, սակայն եթե ավելի ուշադիր քննեք այն, ապա կտեսնեք, որ դրանում իրականում ոչ մի դրական բան չկա։

Նախ՝ այս օրենքը մեծ ռիսկեր է ենթադրում, քանի որ ի՞նչ երաշխիք կա, որ այն չի հանգեցնի նրան, որ ծնողները խուսափեն երկրորդ տղան ունենալուց։ Եվ իրոք, ինչի՞ ծնողն ունենա երկու տղա, եթե երկու և ավել տղա ունենալու դեպքում նա ստիպված է լինելու սթրեսներ տանել իր երկու և ավել տղաների համար էլ, երբ գա նրանց զորակոչվելու ժամանակը։ Փոխարենը կարելի է ունենալ միայն մեկ տղա և ըստ ցանկության՝ աղջիկներ և չանհանգստանալ դրա համար։

Անունը դրել են, որ գենոֆոնդի մասին են մտածում, մինչդեռ կարծես նոր արհեստական միջավայր են ստեղծում՝ սեռով պայմանավորված աբորտների բարգավաճման համար։ Ու հետո, այնպիսի տպավորություն է, որ երկու և ավել որդիներ ունեցողներն ինչ-որ երկրորդ սորտ են, ու նրանց արյունն ավելի էժան արժե, քան միակ արու զավակներինը։

Կարծում եմ, որ այս օրենքը դեռ շատ հում է ու բազմաթիվ ռիսկեր է ենթադրում, և վաղ է նման բան գործարկելը մեզ մոտ։ Փոխարենն ավելի լավ է կենտրոնանալ նրա վրա, թե ինչպես նվազեցնեն մարտական կորուստները ժամանակակից տեխնոլոգիաների ու մարտավարության յուրացմամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել