Քաղաքական դաշտում սկսված տրանսֆորմացիոն գործընթացներն արդեն տալիս են իրենց սպասելի պտուղները: Կանխատեսելի էր, որ նախկին գործընկեր կառույցները չէին կարողանալու միմյանց հետ համագործակցության եզրեր գտնել:
Դրա ապացույցներից մեկն այն է, որ ՀԱԿ-ը բոլոր հնարավոր և անհնար տարբերակներով սկսել է հարվածել նախկին գործընկերոջը` Բարգավաճ Հայաստանին: 
Օրեր առաջ էլ Ազգային Ժողովի ճեպազրույցին, լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էր մեղադրել ԲՀԿ-ին իշխող կուսակցության շարքերն անցնելու համար:

Կոնգրեսական Գագիկ Ջահանգիրյանը նույնպես այսօր հարցազրույց է ունեցել, որի ժամանակ անդրադարձել է ներքաղաքական որոշ հարցերի: Մասնավորապես` պատգամավորը խոսել է Սահմանադրական բարեփոխումների, Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկող փոփոխությունների, սահմանադրական փոփոխությունների շուրջ քաղաքական ուժերի համախմբման մասին:

Հատկանշական է այն փաստը, որ նախկին դաշնակից կառույցների խորը անդունդը երևում է նաև այս հարցազրույցում: Ջհանգիրյանը, խոսելով Բարգավաճ Հայաստանի` Սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարի մասին, ասել է. «ԲՀԿ-ն նախկին ԲՀԿ-ն չէ, որ ես հիմա այդ կուսակցության դիրքորոշումը համեմատեմ իր նախկին դիրքորոշման հետ: Ձեր կարծիքով՝ նո՞ւյնն է»: Ապա հավելել, որ ԲՀԿ-ից էլ նախկին անունն է մնացել:

Նման որակումներ վերջին ամիսներին հաճախակի ենք տեսնում, ընդ որում փոխադարձ ուղղվածությամբ: Փաստացի ստացվում է, որ այս կառույցների միջև հետագա համագործակցության հավանականությունը զրոյական է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել