Ցեղասպանության միջազգային ճանաչումը գրոշի արժեք չունի, եթե դրան չեն հետևելու վնասներն ու կորուստները փոխհատուցելու ուղղությամբ արվող քայլեր, և հենց սրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր Հայ Առաքելական Եկեղեցուն՝ որպես ինստիտուտի, քանի որ առայժմ միայն այս հայկական կառույցն է էմոցիոնալ և վերացական քայլերից զատ՝ կոնկրետ քայլեր ձեռնարկում այս ուղղությամբ։
Ինչպես գիտեք, վերջերս Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունն էր միջազգային դատարան դիմել՝ պահանջելով թուրքական պետությունից վերադարձնել Սիսի կաթողիկոսությունը, որը բռնազավթվել էր թուրքերի կողմից Ցեղասպանության տարիներին։ Իսկ այժմ իմանում ենք նաև, որ Մայր Աթոռն է պատմաբանների ու փորձագետների խորհուրդ ստեղծել, որոնք համանման հայցեր են պատրաստում, որպեսզի դիմեն միջազգային դատարան՝ Թուրքիայի կողմից բռնազավթված գույքն ու սեփականությունը հետ ստանալու համար։
Սրանք շատ պրագմատիկ, խելացի ու հեռանկարային քայլեր են ոչ թե նրա համար, որ գույքը տեսականորեն կարող է վերադառնալ իսկական տերերին, այլ նրա համար, որ ես սրա մեջ տեսնում եմ մեր հանրային գիտակցության փոփոխության սածիլներ, երբ մեր գիտակցության մեջ ոչնչի փաստացի չպարտավորեցնող պահանջները Թուրքիայից ու միջազգային հանրությունից կզիջեն իրենց տեղն առարկայական ու միանգամայն գործնական քայլերին, որոնից ոմանք պահանջատիրություն են կոչում։ Ցանկացած մեծ ճանապարհ սկսվում է առաջին քայլից, ու այդ առաջին քայլը մենք կարծես թե անում ենք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել