Թույլին տրորելու և ոչնչացնելու, նրա արյունն ու ավիշը լափելու մարդկային արատը չափ ու սահման չունի։ Դա մարդու գազանային բնույթն է, որը բնազդով անցել է մարդուն, երբ նա գազանից տարանջատվել ու կանգնել է երկու ոտքի վրա։ Սա մի կերպ ես կարող եմ հասկանալ, որովհետև կենսաբանական արատ է ու գենի մեջ նստած բան է։ Մեկը կարող է այն գիտակցականորեն խեղդել իր մեջ, մյուսն այդքան խելք ու ուժ չունի ու տրվում է այդ արատին։ Սակայն լրիվ բանականությունս մթագնում է, երբ այս տեսարանին կողքից նայողն է էքստազի մեջ ընկնում ու հրճվում։ Այ սա որ ընդհանրապես չեմ հասկանում։
Ռուսը ժողովուրդ է, ինչպես մյուս ժողովուրդներն են։ Նա էլ իր բացերն ունի, իր լավ ու վատ կողմերը, իր հերոսներն ու դավաճանները, ինչպես մյուս ժողովուրդները։ Նա նույնքան գոյության իրավունք ունի, ինչքան մյուս բոլոր ժողովուրդները։ Նա թույլ է ԱՄՆ-ից ռազմականապես։ Հետո ի՞նչ, ի՞նչ կա այստեղ արգահատելի, որ որոշ մարդիկ այդպես հրճվանքի մեջ են ընկնում այս փաստերից։ Աշխարհի բոլոր երկրներն էլ առանց բացառության թույլ են ԱՄՆ-ից։ Ի՞նչ անեն՝ գնան, կախվեն ու սատկեն հա՞, որ թույլ են։ Դա նույնն է, որ մարդիկ նայեն իրար ու սկսեն իրար չարախոսել, թե ինչու այս կամ այն մարդը Բիլ Գեյթսի պետ հարուստ չէ։ Դե եկեք այդ մարդուն գլխատենք՝ որպես անպետք արարածի։
Ռուսաստանն էլ երկիր է, ունի իր անվտանգության նկատառումները, իր խելքով պաշտպանական քայլեր է անում։ Ի՞նչ կա այստեղ տարօրինակ։ Բա պիտի դաշնակից ունենա, որ վաղը, մյուս օրը մեկը փորձի Գերմանիայի նման վրան հարձակվել, օգնող ունենա։ Է, Եվրոպան չի ուզում ընկերություն անի, նա էլ գնում է Չինաստան ու Հնդկաստան, երևի Իրանին էլ համոզի։ Բա ի՞նչ անի, ձեռքերը բարձրացնի ու ասի՝ եկեք, իմ ժողովրդին կոտորեք ու իմ երկրի հարստություններին տե՞ր կանգնեք։
Այնքան անհեթեթ բաներ ասեցին այս երկրի մասին, որ անկախ ինձանից դարձա այդ երկրի պաշտպաններից մեկն այն դեպքում, երբ տարիներ շարունակ դեմ եմ խոսել այդ երկրի վարած քաղաքականությանը։ 
Ժողովուրդ ջան, մի բանին դեմ ու կողմ լինելուց որոշեք, թե ձեր ասածներն ինչքան խելամիտ բաներ են, հետո նոր ասեք։ Մեր ժամանակներում պրոպագանդիստներն այնքան են հմտացել իրենց գործում, որ հասարակությանն ինչ անհեթեթ բանի մեջ ասես կարող են շատ կարճ ժամանակամիջոցում համոզել։ Փորձեք ձեր սեփական խելքով կատարված վերլուծության արդյունքում եզրահանգումների գալ ու դրանք ասել մարդկանց, այլ ոչ թե տրվել այս կամ այն պրոպագանդիստական հոսանքին, որ ծավալում են խորամանկ շրջանակները՝ իրենց սեփական շահն առաջ տանելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել