Ազգը մի մեծ գերդաստան է: Գերդաստան, որ ապրում է իր հայրենիք կոչվող մեծ տանը:
Գերդաստանն ընտանիքներից է կազմվում բնականաբար: Ամեն մեկն իր պարտքն է կատարում, հոգում է իր ընտանիքի հոգսերը, մշակում իրեն հատկացված հողը: Այդպես էլ մեր հայրենակիցներն են: Ամեն մեկն իր տեղում է պետք: Պատահական չի, որ մարդը ծնվում է որոշակի երկրում, որպես որոշակի ազգի ներկայացուցիչ:
Ամեն երկրից գնացող մեր հավաքական մեջքն է կոտրում: 
Գնացեք, խնդիր չունեք: Խնդիր ունենք մենք, որ առանց այդ էլ թույլ լինելով` մնում ենք մենակ: Ապահովեք ձեր զավակների հարմարավետ ապագան: Դա մարդու պարտքն է: Բայց մի մոռացեք, որ ազգը նաև ծերեր ու անտերներ ունի: Ծեր տատիկներ, պապիկներ, որոնք մնում են ծերանոցի հույսին: Այնինչ, եթե ձեր հարևանն է, օրը մի աման ճաշ կտայիք` կապրեր: «Անտեր» կանայք ու հիվանդ ծնված երեխաներ են մնում: Կարող էիք մի այդպիսի կնոջ կենցաղային սարք նորոգել, կամ օգնել ծանր պայուսակը բարձրացնել տուն: Հիմա ամեն մեկը կասի, դե ես հո դա չէի լուծելու, ես հո մանկատուն չե՞մ պահելու, իմը` իմ երկու երեխան են: Հո էդ անտեր կնանիքի դարդն իմը չի՞: Կասի ու ճիշտ կլինի: Ոչ մեկն էլ իրավունք չունի հակառակվելու: Բայց… ախր ազգը միայն քո ընտանիքը չի: Ազգը մենք բոլորս ենք: Որ ամեն մեկս մի հոգու օգնենք, գոնե ժպիտով` էլի մեծ գործ արած կլինենք: Հասկացել ենք արդեն, որ իշխանությունները մեզ մոռացել են: Գոնե մենք իրար օգնենք: Կարգին կայացած երկիր լիներ, թոշակառուն մտածելու բան չէր ունենա, անտերը մի տեղ կաշխատեր` կապրեր:
Մի անգամ համեմատեցի երկիրը մարմնի հետ, որտեղ ամեն մարդ` մի մազանոթ է, եթե արտագաղթում ես` մյուս մազանոթները դժվարանում են քո բաժին բեռը տանել: 
Գնացեք, տաք ու հարմար ապրեք: Հա, ու չմոռանաք հեռվից դաստիարակիչ վերլուծականներ գրել, թե մենք այստեղ ոնց, ինչ անենք: Վերջում էլ չմոռանաք, որ ամեն շուստրի հայի սրբազան պարտքն է դրսերում հարմար ապրել, «փայց, հայրենիգիս սուրբ հողուն մեջ թաղվել»:
Մի տեսակ խռոված ստացվեց: Ոչինչ, ոնց ուզում եք հասկացեք: Ես կմնամ, մի հոգու արցունք կսրբեմ: Դա անում եմ ու կանեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել