Հերթական անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացվել ՀԷՑ-ի կողմից էլեկտրաէներգիայի ծախսերի վերաբերյալ հաշվարկներ, որում փորձ է արվել հիմնավորել, որ դոլար-դրամ փոխարժեքի փոփոխության հետ կապված ընկերությունն իբր կրել է էական վնասներ և ակնկալում է էլեկտրաէներգիայի թանկացում 1 ԿՎՏ-ը մոտ 17 ՀՀ դրամով:
Հետաքրքիր է, որ ընկերությունն այս անգամ էլ իր անտնտեսվարության և բնականաբար կոռուպցիոն մեխանիզմների բավականին «լավ» կիրառման պայմաններում նախընտրել է այսպես ասած «վնասները», որոնք անկասկած վերոհիշյալի արդյունքներն են, և որն իրենց հիմնավորմամբ բավականին պատկառելի թիվ է կազմում, կրկին փոխհատուցել ՀՀ ազգաբնակչության գրպանից: Դա վերջին երկու տարիներին ընկերության արդեն թվով երրորդ բարձրացումը կլինի, չնայած այն բանին, որ ամիսներ առաջ բնագավառի ամենաբարձր պաշտոնյան կաշվից դուրս էր գալիս հավաստիացնելու, որ ոլորտը և թանկացման հարցը գտնվում է ՀՀ նախագահի և կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում, և որ առնվազն այս տարի թանկացումներ չեն լինի: Դե ի՞նչ, պարզ բան է, որ մեր իրականությունում սովորաբար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացված գրեթե բոլոր վայ-հիմնավորումները բավարարվել են առավելապես ի օգուտ ընկերությունների, և եթե չլինեն էական հանրային ճնշումներ, ապա նույնը կլինի նաև այս անգամ:
Մնում է ընդունել և համակերպվել այն մտքին, որ նույն ինքը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հորջորջվածը՝ պ-ն Ռ Նազարյանի գլխավորությամբ, արդեն ոչ թե թեկուզ ձևական առումով հանրային ծառայությունները ԿԱՐԳԱՎՈՐՈՂ հանձնաժողով է, այլ ավելի շուտ իրեն դիմած ընկերությունների ԱԽՈՐԺԱԿԸ ԲԱՎԱՐԱՐՈՂ մարմին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել