Մայիսի 9-ը փոքրուց իմ ամենասիրած տոնն էր. հավաքվում էինք պապիկիս տանը, ինքը հագնում էր իր զինվորական համազգեստը՝ բազմաթիվ մեդալներով, իսկ մենք՝ թոռներս, մի փոքր նախանձով, բայց անսահման հպարտությամբ նայում էինք պապիկին:

Ցեղասպանությունից մի կերպ փրկված, Հոկտեմբերյանի որբանոցում մեծացած, ձմեռվա սառնամանիքին, կիսասոված ու ոտաբոբիկ դպրոց գնացած մարդը, պատերազմի թոհուբոհով անցնելով, միշտ կրկնում էր. «Եթե չհաղթեինք, այս մի կտոր հողն էլ կկորցնեինք, ու վերջնականապես կբնաջնջվեինք»:

Եվ այդ ժամանակվանից ինձ մոտ երբեք հարց չի առաջացել և չի էլ կարող առաջանալ, թե ինչի համար են գնացել հայերը ռազմաճակատ և ում համար են կռվել:

Տասներկու տարի է անցել, ինչ պապիկս մահացավ, բայց ամեն մայիսի 9-ին աչքիս առաջ նա է՝ իր համազգեստով զարդարված մեդալներով, տոնական սեղանը և մենք՝ պապիկի վրա հիացմունքով նայող թոռներս:

Փառք մեր զինվորներին: Հավերժ փառք: 
Եվ շնորհակալություն ձեզ, որ մենք կանք: Ու դեռ կշատանանք:

Շնորհավոր Հաղթանակի օր !

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել