Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին, անդրադառնալով Սահակյան-Բիբիլով «հայտնի» հանդիպմանը, նշել է, որ դրա հետևում կանգնած են լուրջ և հեռահար ծրագրեր ունեցող ուժեր, և պետք է թույլ չտալ, որպեսզի դրանք իրականանան: Նա նաև հավելել է, որ հայկական կողմը ներողություն է խնդրել նշված հանդիպման հետ կապված, որից հետո իրենք որոշել են հետ չկանչել Երևանից իրենց դեսպանին:

Վրաստանի արտգործնախարարը, փաստորեն, կրակի հետ է խաղում՝ վտանգելով իր պաշտոնին մնալու հնարավորությունը, և առհասարակ դիվանագետ լինելու հեղինակությունը, քանզի, նախ, վերջինս իր մոտեցումներով և հայտարարություններով հակասում է Վրաստանի կառավարության, այդ թվում նաև գործող վարչապետ Ի. Ղարիբաշվիլիի դիրքորոշումներին (ինչն, ի դեպ, նորություն չէ և արտահայտվել է նաև նախկին արտգործնախարարի օրոք, ինչի համար էլ, ըստ էության, վերջինս հեռացել է կառավարական թիմից), ապա նաև Բերուչաշվիլին կոպտորեն խախտում է այն կանոնները, որոնք վերջինս պարտավոր է պահպանել, այն է՝ արտահայտում է հակադիվանագիտական կարծիքներ, չի պահպանում անաչառության, զգուշության և զսպվածության սկզբունքները, և որ ոչ պակաս անընդունելի է՝ խառնվում է այլ պետության գործերին (վերջինիս խոսքերը. «Հաշվի առնելով վեկտորները, առաջնահերթությունները և քաղաքականությունը, որն այսօր վարում է Հայաստանը, ինչպես նաև իրողությունը, որում այսօր ապրում է մեր հարևան Հայաստանը, բացառված չէ այդ և նման այլ հարցերի օգտագործումն ի վնաս Վրաստանի»):

Տվյալ սայթաքումը Բերուչաշվիլիին կարող է ուղարկել նախկին նախագահի հետևից, որի իշխանության տարիներին գործող արտգործնախարարը ծառայել է Սաակաշվիլիի իշխանությանը՝ աշխատելով որպես Եվրոպական և եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու հարցերով նախարարի առաջին տեղակալ: Իսկ գուցե պատճառը հենց դա է, և Բերուչաշվիլին նպատակ ունի ծառայություն մատուցել նախկին ղեկավարին՝ փչացնելով Ղարիբաշվիլիի որդեգրած ուղին կամ նպատակադրված առաջընթացի ծրագրերը:

Հ.Գ. Եթե իրոք այդպես է, և մեր դիվանագետները ներողություն են խնդրել եղածի համար, ապա No comment:

Հ.Գ. Իսկ մերոնցից մեկը պահանջել է վրացիներից ներողություն խնդրել հայ ժողովրդից Հայոց ցեղասպանության փաստն արհամարհելու համար:

Հ.Գ. Ինչ-որ չեմ հիշում, որ Վրաստանի ԱԳՆ-ն որևէ կերպ արձագանքեր հետախուզման մեջ գտնվող և մի քանի քրեական գործերով անցնող նախկին նախագահ Մ.Սաակաշվիլիին Ուկրաինայում բարձր պաշտոնի նշանակմանը (Կիևին ուղղված ոչ մի բացատրության պահանջ), ինչպես նաև պաշտոնական Թբիլիսիի՝ Բաքվին ուղղված նույն Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջի ադրբեջանցիների մերժմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել