Հին հնդկական էպոսներում շատ իմաստություններ կան, որ կարող են մարդուն մտածելու, վերլուծելու առիթ տալ: Այ հիմա էլ, երբ կարդացի նյութը, որ հունանյաններին այցելել են պատգամավորները, հետո նայեցի քննարկումները, հիշեցի մի պատմություն «Մահաբհարատա»-ից, որ կարդացել եմ տարիներ առաջ, բայց շատ է տպավորվել:
Ընդհանուր պատմեմ, քանի որ մեջբերումը շատ ծավալուն կարող է լինել: Ուրեմն իրավիճակն է՝ պատերազմ երկու ընտանիքների միջև թագավորության համար: Մի ընտանիքի ղեկավարն իր «ենթակային» ուղարկում է թշնամու բանակ, որ դավադրաբար սպանի հակառակորդի բանակի ղեկավարներին, երբ նրանք քնեն: Սա խելոք-խելոք գնում է, հրամանը կատարում… Պատերազմն ավարտվում է, վերջում Աստված բոլորի դատաստանն է տեսնում՝ ամեն մեկին իր արածի համեմատ պատիժ տալով: Քնած մարդկանց սպանողին պատիժ է նշանակում երեք հազար տարի առանց մարմին ստանալու թափառել աշխարհում: Զարմանալի է չէ՞, կարծես թե նա օրենք չխախտեց, այլ ընդամենը կատարեց վերադասի հրամանը: Բացատրությունը հետևյալն է: Ով էլ լինի քեզ հրաման տվողը, միևնույն է կատարող ձեռք լինելով հանդերձ՝ ԴՈՒ նույնպես հավասար մեղավոր ես: Հիմա դա լինի Հունանյանը, որ պատվիրատու ունի, լինի ցուցմունք կորզելու համար մարդուն խոշտանգող ոստիկան, որ ուզում է ժամ առաջ բացահայտել հանցագործությունը, թե լինի հենց մանիակ, որ ոճրագործության փաստից է հաճույք ստանում, բոլորն էլ հավասար են պատասխան տալու հարցում…
Մի բան էլ նշեմ. մարմին չստանալով աշխարհում ապրելն երևի ավելի դժոխային պատիժ է, եսիմ…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել