Նոր Պարգև Արքեպիսկոպոսի հարցազրույցն էի կարդում՝ Ռեգնումին տված և այնտեղ արդեն որերորդ անգամ հանդիպեցի մեզ համար դարեր շարունակ խիստ վնասակար եղած «Եթե հայը քրիստոնյա չէ, ուրեմն հայ չէ» թեզը։ Սա հենց այն կոնտրպրոդուկտիվ դիրքորոշումներից մեկն է, որը մշտապես խանգարել է հայ ժողովրդին ու հայ պետությանը՝ հզորանալու ու ուժեղ լինելու, ինչպես նաև կներեք, բայց Հայ առաքելական եկեղեցու ամենաամոթալի դրվագների սկզբնապատճառն է։

Ազգային պատկանելիությունը եկեղեցին չի որոշում ու չի էլ կարող որոշել, որովհետև եկեղեցին ու առավել ևս քրիստոնեությունը վերազգային հասկացողություններ են։ Մարդու ազգային ինքնանույնականացման մեջ կրոնը դեր խաղում է, բայց ոչ որոշիչ։ Հայերիս պարագայում եկեղեցին ու քրիստոնեությունը հսկայական ու անուրանալի դերակատարություն ունեն մեր ազգային դեմքի պահպանման, պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև էթնոհոգեբանության ձևավորման հարցում, բայց դա երբեք չի արտոնել ու չի էլ կարող արտոնել ՀԱԵ-ին որոշելու այն, թե ով է հայ, և ով՝ ոչ։

Ես կարող եմ բազմաթիվ մեծանուն հայերի նշել, որոնք հսկայական դրական դեր են խաղացել հայ ազգի ու պետության համար, կարող եմ բազմաթիվ ՀԱԵ հետևորդների նշել, ովքեր իրենց վերջին սրիկայի պես են պահել կամ էլ ակամա հսկայական վնաս են հասցրել հայ ազգին ու հայ պետականությանը։ Արդար է նաև հակառակ պնդումը։

Եթե ընկնենք այդ աստիճան մոլի կղերական մենթալիտետի հետևից, ապա պետք ա հայ լինելու իրավունքից զրկենք մեր բոլոր մարշալներին, ովքեր աթեիստներ էին, պետք է վերանայենք առհասարակ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում ապրած մարդկանց ազգային պատկանելիության հարցը։ Էլ չասեմ այն մասին, որ հայ լինելու իրավունքից պետք է զրկենք նախաքրիստոնեական ժամանակաշրջանի հայերին՝ Տիգրան Մեծից սկսած, Հայկ Նահապետով վերջացրած։

ՀԱԵ-ն իմ եկեղեցին է, ես քրիստոնյա եմ ու հայ եմ և հպարտ եմ թե՛ մեկի, թե մյուսի համար։ Ես նաև սրտացավ եմ թե՛ իմ ազգի, թե՛ իմ եկեղեցու համար, դրա համար էլ համարում եմ, որ վհուկների որսով ու նման շանտաժ հիշեցող շեշտադրումներով զբաղվելու փոխարեն ՀԱԵ վերնախավը լավ կանի մտածի, թե ինչն է պատճառը նրա, որ իր հետևորդների թիվը պակասում է, ու ինչ կառուցողական քայլեր կարող են անել եկեղեցին և դրա սպասավորները, որպեսզի փոխվի այդ դինամիկան, և միջոցներ ձեռնարկվեն նման շանտաժներն ու ոչ քրիստոնյա հայերին Եկեղեցուց վանող այլ քայլերը բացառելու ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել