Ողջերթի հենց այս խոսքերով Ս. Սարգսյանին Մոսկվա կճամփեին 1941-1945թթ.. Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից մեր 162 մարշալ, ծովակալ և գեներալները, Սովետական Միության բարձրագույն պարգևին արժանացած պատերազմի մեր 108 հերոսները, այդ մահ ու կենաց կռվում նահատակված կամ հրաշքով ողջ մնացած մեր հայրերն ու պապերը:

Պատերազմի մասնակից յուրաքանչյուր ժողովուրդ, իհարկե, իրավունք ունի խոսել պատերազմում իր սխրանքների ու տարած հաղթանակների մասին, սակայն ՄԻԱՅՆ ԻՐ ՈՒՆԵՑԱԾ ՆԵՐԴՐՄԱՆ ՉԱՓՈՎ և ոչ ավելի: Այստեղ բարոյականության խնդիր կա, և հետին թվով ամեն մեկի «սեփական հերոսական պատմության կերտման» փորձերն անթույլատրելի են: Վերջերս, հատկապես ռուսների կողմից, շատ է խոսվում պատմության սրբագրման անհանդուրժելիության մասին: Սակայն արդյոք դա բոլորի՞ն է վերաբերվում, թե՞ սեփական «շանորդիներին» դարձյալ թույլատրված է ամեն ինչ: «Россия 24»-ով հեռարձակված Ալիևի հարցազրույցը հենց սա է փաստում:

Յուրաքանչյուր պատերազմ ունի իր չոր վիճակագրությունը, և անգամ պատերազմից 70 տարի անց էլ այդ վիճակագրությունն է, որ պիտի որոշի, թե ով ինչ արժե, և ով ինչ չափով իրավունք ունի խոսել պատերազմում ունեցած իր դերի մասին: Նա, և միայն նա է որոշում, թե ով է ազնիվ, և ով՝ կեղծարար, ով է արդար, և ով՝ մեղավոր, ով է արժանի փառաբանման, և ով պարսավանքի, անգամ դատաստանի: Հակիրճ անդրադառնամ այդ վիճակագրությանը: 

Հայերս ԽՍՀՄ հերոսների բացարձակ թվով (ունեցել ենք 108 հերոս, որոնցից երկուսը՝ կրկնակի) պատերազմի մասնակիցների մեջ հինգերորդն ենք, իսկ բնակչության թվի համապատասխանությամբ, ռուսներից, ուկրաինացիներից և բելոռուսներից հետո չորրորդը: Այն ժամանակվա բնակչության թվաքանակով (հայեր- 2.152.860) 19.000 հային ընկնում է 1 հերոս: Համեմատության համար. վրացիներ՝ 90 հերոս, 24900 բնակչին 1 հերոս, ղազախ՝ համապատասխանաբար 96, 32300, ուզբեկ՝ 67, 72300, ղրղզ՝ 12, 73700, տաջիկ՝ 15, 82000, Ադրբեջան՝ 43, 52900-ին մեկ հերոս, Ղարաբաղ՝ 24 հերոս, այսինքն 6000 ղարաբաղցուն ընկնում է 1 ԽՍՀՄ հերոս: Այս վիճակագրությունից երևում է, որ գոնե հարավկովկասյան և առավել ևս միջինասիական տարածաշրջանների ժողովուրդների մեջ պատերազմական սխրանքներից ու հաղթանակներից ավելի շատ մե՛նք իրավունք ունենք խոսելու կամ ավելի ճիշտ, եթե մենք խոսում ենք, ապա մնացածը համեստորեն պիտի լռեն: Իրականում ունենք ճիշտ հակառակ պատկերը: Հաղթանակից խոսում է Ադրբեջանի նախագահը, ղազախները, տաջիկներն ու ղրղզները: Սակայն գուցե կա մեկ այլ չափորոշիչ… Գուցե պատերազմին մասնակցած իրենց բարձրագույն զորահրամանատարների քանակն է նրանց թույլ տալիս այսքան բարձրաձայն խոսել պատերազմում իրենց ունեցած դերի մասին: Ի վերջո, գեներալներն են թրծում հաղթանակները: 

1941-1945թթ.. Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից հայ մարշալ, գեներալ, ծովակալների ընդհանուր թիվը, ում այդ կոչումները շնորհվել են պատերազմի կամ հետպատերազմյան տարիներին, կազմում է 162, որոնց թվում 4 մարշալ, 1 ծովակալ, 9 փոխծովակալ: Նրանցից 68-ը այդ կոչումները ստացել են կա՛մ պատերազմից առաջ, կա՛մ պատերազմի տարիներին: 
Ադրբեջանի տարածքից պատերազմին մասնակցած երկու գեներալ կա՝ Ազի Ասլանովը և Մահմուդ Աբիլովը: Այս մարդիկ, իսկապես, արի հրամանատարներ են եղել, սակայն նրանք այնքան են ադրբեջանցի որքան, ասենք Նիզամին: Ազի Ասլանովն ազգությամբ թալիշ է, իսկ Աբիլովը՝ լեզգին: Բայց լավ, թող ադրբեջանցի կոչվեն: 
Վիճակն ավելի ծանր է միջինասիական հանրապետություններում: Ողջ տարածաշրջանում կա պատերազմի մասնակից ընդամենը մեկ գեներալ մայոր՝ Սաբիր Ռահիմովը, ով, լինելով էթնիկ ղազախ, ծնվել է Տաշքենդում: Սաբիր Ռահիմովի անունով է՛լ պողոտաներ, է՛լ մետրոյի կայարաններ, է՛լ արձաններ… Մինչև որ նրա պատճառով այս երկու երկրների ղեկավարները չգժտվեցին: Ղազախներն «ապացուցեցին» նրա ղազախ լինելը, և Ուզբեկստանում Քարիմովը սրբեց Ռահիմովի հետ կապված ամեն մի հուշ… Ղազախների պահով ես մի փոքր գույները խտացրեցի: Ղազախները Ռահիմովից բացի ունեն ևս մեկ գեներալ՝ Սաղադաթ Նուրմաղամբեկովը, ով սակայն պատերազմն ավարտել է զուտ մայորի կոչումով: Վերջ: 

Հիմա ասեք՝ ինչը ինչի հետ համեմատենք… Չեմ ասում 162, ասում եմ՝ 68 հայ գեներալը երկու «ադրբեջանցի» ու մի ղազախի հե՞տ համեմատենք:

Եթե շքերթի ժամանակ Սերժին կանգնեցնեն Ալիևի, Նազարբաևի կամ դրանց նմանների հետ նույն շարքում, ես կհամարեմ, որ հայությանն ուզում են վիրավորել: Եվ կարծում եմ, որ Սերժն էլ սա պիտի գիտակցի ու համապատասխան քայլ ձեռնարկի: Այնպես որ, ճիշտ ու ճշմարիտ են մեր հայրերն ու պապերը.
Սե՛րժ, հանկարծ չխեղճանաս, ե՛ս դրանց…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել