Հաճախ չի պատահում, որ Ազգային ժողովում քննարկվող այս կամ այն հարցը նման մեծ արձագանք է ստանում հասարակության մեջ, նույնիսկ մեր «քաղաքականացված» հասարակության պայմաններում: 
Սակայն «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը, որ երեկ ընդունվեց առաջին ընթերցմամբ, քննարկումների ու իրարահաջորդ հարցադրումների առիթ է տվել ոչ միայն խորհրդարանի նիստերի դահլիճում: 
Մարդիկ իսկապես ուզում են հասկանալ՝ ի՞նչ է առաջարկվում՝ այսպես ասած՝ «խոպանչիների հա՞րկ», թե՞ մեկ այլ բան: Տարօրինակ է, բայց մարդիկ որքան ավելի շատ բացատրություններ ու մեկնաբանություններ էին լսում, էլ ավելի էին խճճվում: 
Հարկավ, դեռ այս օրինագծի բուն բաղադրության ու առաջարկվող փոփոխությունների իմաստի վերաբերյալ մասնագետների կարծիքները լսելու և ներկայացնելու առիթներ կլինեն: 
Առայժմ հասկանալի է, որ օրինական հիմունքներով Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող, ենթադրենք՝ շինարարական բրիգադի գործատուն տվյալ ՀՀ քաղաքացիների եկամտահարկի պարտավորությունը կարող է կատարել Հայաստանում, այլ ոչ թե Ռուսաստանում: Կարճ ասած՝ Ռուսաստանում եկամտահարկը վճարելու փոխարեն կվճարեն քաղաքացիության երկրում: Դե, քանի կանք, անգամ գնանք... հարկատու ենք: 
Տվյալ դեպքում այլ հարցեր են ուշագրավ: Այն, թե տվյալ օրինագիծն ինչպես ներկայացվեց, և ինչ ռեզոնանս ստացավ քարոզչական հարթակներում և հասարակության ստվար շերտերում: Ասել՝ բացասական, կնշանակի ոչինչ չասել: Երեկ երևի անկյուն չկար, որ «խոպանի հարկից» չխոսեին: 
Հետաքրքիրն այստեղ այն է, որ տվյալ փոփոխությունների նախագիծը մշակել և քննարկման ներկայացրել է կառավարությունը: Այսինքն՝ այնպես չէ, թե հանկարծակի օրակարգում նման հարց ծագեց: Առավել ևս, ենթադրելի է, որ ԱԺ նիստի օրակարգում հայտնվելուց առաջ, ըստ կարգի, հարցը քննարկվել է նաև համապատասխան խորհրդարանական հանձնաժողովում, նախքան այդ, հասկանալի է, կառավարությունում: 
Լավ, իսկ մի՞թե այդքան դժվար էր նախապես ծանուցել, որ նման մտադրություն կամ առաջարկություն կա: Այսպես ասած՝ տնտղել հանրության տրամադրությունները, տնտեսագետների, մասնագետների, հասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ ինչպես հեռուստատեսային, այնպես էլ՝ դահլիճային քննարկումներ կազմակերպել, զտել, զուլալել և պարզ ու հասկանալի, մեծամասնությանն ընկալելի ձևակերպումներով մի հանրագումարի հանգել: Առավել ևս, որ գերհրատապ կամ կենսական հարցի մասին չէ խոսքը: 
Մենք, պարզվում է, սիրում ենք «վերջից» գնալ: Այն է. նախ նման փոփոխություն անելու մտահղացում է ծագում, ապա նախագիծ է կազմվում, այն բերվում է խորհրդարան, այստեղ՝ աղմուկ, կրքեր, բանավեճ, հնչեղ հայտարարություններ: 
Խորհրդարանական կյանքի համար դա նորմալ է, սակայն հարցն այն է, որ ընդունվում է (թող որ առայժմ առաջին ընթերցմամբ) օրենք, ու անմիջապես էլ հասարակության մի մասի բողոքներն ու դժգոհությունները, հարցադրումները նկատի առնելով, սկսվում է նախագծի մշակումն ու «դզել-փչելը»: Հետո երևի մի նոր նախաձեռնություն ու շարժում պետք է ի հայտ գա, էլի բողոքի ակցիաներ ու նման բաներ: Մի խոսքով՝ աղմուկ, որ կարող էր և ընդհանրապես չլինել: 
Նաև հարց է ծագում. իսկ արդյոք հենց դա՞ է մեր տնտեսական առաջնահերթությունը: Կարծես թե բյուջեի եկամուտները համալրելու այլ շեշտադրումներ պետք է լինեին առաջին հերթին: Խոսքը հասկանալի է, ոչ մի կերպ նվազել չպատրաստվող ստվերային տնտեսության մասին է: Իսկ այստեղ՝ արտագնա աշխատանքի մեկնող ներկարարների կամ «մետլախ խփողների» եկամտահարկ: 
Առհասարակ կառավարության առանցքային ու առաջնային մտահոգությունը շատերի նման կարծում ենք, որ պետք է Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը նպատակաուղղված քայլերը լինեն, այլ ոչ թե արտագնա աշխատուժին մի հատ էլ հարկային նորարարությամբ երկրից առհասարակ վանելու ինչ-որ նախաձեռնությունը: Առավել ևս, երբ այդ օրինագիծը հրապարակ է բերվում առանց քիչ թե շատ ընկալելի նախապատրաստական աշխատանքի: 
Գուցե քաղաքական այրերը հասկանում են, թե ինչ են անում: Հնարավոր է, լրագրողներն էլ են հասկանում, թե նրանք ինչ են ասում: Բայց պրոբլեմն այն է, որ մարդկանց մեծ մասը սկսում է նրանց բոլորին չհասկանալ: 
Հետաքրքիր է, որ այս օրերին յուրօրինակ «հեռուստաաստղ» է դարձել երևանցի տաքսու վարորդ Արման Գալստյանը: Ինչո՞ւ: Առանձնապես մեծ գաղտնիք չկա: Երիտասարդը միանգամայն պարզ, կապակցված, խոսակցական հայերենով ու ամենակարևորը՝ ընկալելի ներկայացնում է իր միտքը, ասելիքը: Գումարած խոսակցական ոճի չափավոր, բայց համով-հոտով ոճը: 
Տեսագրությունը, որտեղ ներկայացված է տաքսիստների բողոքի ցույցի և բողոքի առարկայի վերաբերյալ Արման Գալստյանի խոսքը, «Յութուբի» և սոցցանցերի «հիթն» է դարձել: Եվ քանի որ հայրենի հեռուստաեթերը մեծ մասամբ բովանդակությունից կաղում է և մի տեսակ կտրված է իրական կյանքից, Արման Գալստյանը դարձել է այս օրերի հեռուստադեմքը: 
Արման Գալստյանի ու նրա գործընկերների հիմնական ասելիքն այն է, որ, հարգելի որոշում ընդունողներ և իրականացնողներ, անհատական կարգով ու իրենց մեքենայով ուղևորափոխադրման վճարովի ծառայություններ իրականացնելու արտոնագիր ստանալու, դրա հետ կապված զուգահեռ մյուս ծախսերի համար մենք ի վիճակի չենք միանգամից 100-120 հազար դրամ վճարել: Մարդիկ ուղղակի առաջարկում են մտնել իրենց դրության մեջ, ընդառաջ գնալ, նախատեսված գումարների չափերը վերանայել, ընթացքում մարելու հնարավորություն տալ և այլն:
Էլի հարց է ծագում. իսկ ի՞նչ է, տվյալ մարդիկ այդքան անհնա՞ր, այդքան անիրագործելի՞, թե՞ այդքան ֆանտաստիկ բաներ են ասում, որ բանը պետք է բողոքի ցույցերի հասնի, չգիտեմ՝ փողոց փակելու և այլն, և այլն: 
Ընդամենը երկու, թվում է, պարզ հարց: Բայց էլի գալիս ենք այն տրորված արահետը, որ նախ ինչ-որ մի որոշում է կայացվում, հետո բոլորով, ընդդիմություն-չընդդիմությունով, տաքսիստ-բլոգերով լծվում ենք այն «դզել-փչելու» գործին: 
Խնդիրների լուծմանը նման՝ «անենք, էնտեղ կերևա» մեթոդաբանությամբ մոտենալու դեպքում երևի պետք չէ զարմանալ, որ ամեն մի քայլ դառնում է հավելյալ աղմուկի շարժառիթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել