Միֆ 1. Օրական պետք է ամենաքիչը 2 լիտր ջուր խմել

Առողջ ապրելակերպի այս կանխադրույթն առաջին անգամ հրապարակվել է 1945թ։ ԱՄՆ-ի՝ սննդառության ոլորտի խորհուրդը հայտնել է, որ օրգանիզմը լավ ֆորմայի մեջ պահելու և կարգի բերելու համար պետք է օրական 8 բաժակ ջուր խմել։ Դրանից հետո բոլոր դիետաների մեջ ներառվում էր այս խորհրդատվությունը, իսկ մարդկանց մեջ ընդունված է այն կարծրատիպը, որ մեծ քանակությամբ ջրի օգտագործումը նպաստում է նիհարելուն։

Իրականում ջուրն ինքնին վնասակար չէ, սակայն, ինչպես հայտնի է, ամեն ինչի՝ մեծ քանակությամբ օգտագործումն էլ վնասակար կլինի առողջության համար։ Փորձեք պատկերացնել՝ օրական որքան եք հեղուկ ընդունում. նույնիսկ եթե այլ խմիչքները բացառեք, այնուամենայնիվ, ուտում եք մրգեր և բանջարեղեն և այդպիսով ընդունում եք որոշակի քանակությամբ հեղուկ։ Իսկ հեղուկի՝ չափից շատ օգտագործումը կարող է հանգեցնել օրգանիզմում աղերի քանակության պակասի։ Եվ դա էլ բարձրացնում է սրտանոթային և այլ լուրջ հիվանդությունների ռիսկը։

Միֆ 2. Սթրեսի հետևանքով մազերը ճերմակում են

Վերջին ժամանակներս մոդայիկ է ամեն ինչը սթրեսի վրա բարդելը՝ սկսած կորյակներից, վերջացրած քաղցկեղով։ Այս տեսակի արդարացումը «վիտամինների պակասից» և «սխալ սնվելուց» հետո երկրորդ տեղում է։ Իմիջիայլոց, սրանով էլ հաճախ բացատրում են մազերի ճերմակելը։

Իրականում սթրեսներն օրգանիզմի վրա իսկապես բացասական ազդեցություն են թողնում։ Որքան մարդը շատ է նյարդայնանում, այնքան ավելի շուտ է ծերանում, քանի որ սթրեսը մեծացնում է օրգանիզմում գտնվող ազատ ռադիկալների քանակությունը։ Իսկ դրանք իրենց հերթին դառնում են կորյակների առաջացման և մազաթափության պատճառ։ Սակայն սթրեսի պատճառով մազերի ճերմակելը գիտականորեն ապացուցված չէ։ Ճերմակ մազերի հայտնվելը պայմանավորված է մեր գեներով, այլ ոչ թե մեզ տիրապետել չկարողանալու հանգամանքով։

Միֆ 3. Թույլ լույսի տակ ընթերցելը վատացնում է տեսողությունը

Հիշում ե՞ք, թե Ձեր մայրիկը Ձեզ փոքր ժամանակ ինչ էր ասում. առավոտյան ատամները լվանալ, սնվելուց առաջ լվացվել, ուղիղ նստել և պառկած դիրքով չընթերցել։ Եվ այժմ մեր երկրի բնակչության մեծամասնությունն առաջնորդվում է այդ կանոններով։

Իրականում, երբ Դուք թույլ լույսի տակ եք ընթերցում, Ձեր աչքերը սկսում են լարվել։ Սակայն առավելագույնը, ինչ Ձեզ սպառնում է, գլխացավը և աչքերի տակի խորշակների առաջացումն է։ Դուք կսկսեք քոր և չորություն զգալ, սակայն դա բավականին արագ կանցնի։ Վատ լուսավորության ընթացքում ընթերցելը երկարաժամկետ ոչ մի ազդեցություն չի թողնում։

Միֆ 4. Սուրճը վնասակար է

Սուրճի և թեյի սիրահարների միջև երկար ժամանակ է՝ տարաձայնություններ են լինում և երևի երկար ժամանակ էլ կշարունակվեն։ Փորձենք մի քանի փաստեր հասկանալ և միայն բժշկական փաստարկներ օրինակ բերել։ Մենք նորից շեշտում ենք չափի զգացողությունը։ Իհարկե եթե սուրճ եփելու սարքի մոտ ժամեր անցկացնեք, երեկոյան Ձեր նյարդերը չեն դիմանա, և Դուք ամեն վայրկյան հնարավոր է «պայթեք»։ Եթե չափի զգացումը պահեք, սուրճը կարող է նույնիսկ օգտակար լինել։

Նախևառաջ՝ սուրճը, ինչպես և կանաչ թեյը, պարունակում է հակաօքսիդանտներ (եթե իհարկե խոսքը բնական ապրանքի մասին է) և հետևաբար նվազեցնում է երկրորդ կարգի շաքարային դիաբետի առաջացմանը։ Ըստ Հարվարդի համալսարանի վերջերս կատարած հետազոտության՝ սուրճի ամենօրյա օգտագործումը 30%-ով կանխում է այդ հիվանդության առաջացումը։ Եվս մեկ առավելություն՝ սուրճը կարգավորում է ուղեղի ակտիվությունը և ընդունված կարծիքին հակառակ՝ սրտանոթային համակարգը չի քայքայում։

Բացի այդ՝ սովորական մարդու համար օրական 3 բաժակ սուրճ ըմպելը նորմալ է։ Եթե սուրճի՝ այս քանակությամբ օգտագործումը հանգեցնում է անքնության և արյան ճնշման բարձրացման, քչացրեք դրա քանակությունը կամ էլ օգտագործեք փոխարինիչներ։ Հղիության կամ կալցիումի պակասի դեպքում ավելի լավ է բժշկի հետ խորհրդակցել։


Միֆ 5. Բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է հաց չուտել

Այս միֆը տարածվել է դեռևս այն ժամանակներում, երբ հարբուխը բուժելու միջոցներ չկային, և մարդիկ դիմում էին մեր կարծիքով ամենաանփույթ քայլերի։ Ինքնաբուժությամբ զբաղվող մարդիկ կարծում են, որ բարձր ջերմություն ունենալու դեպքում ավելի լավ է օրգանիզմում սնունդը մարսելու համար էներգիա չօգտագործել, քանի որ այն այդքան էլ շատ չէ։

Իրականում մրսածություն կամ բարձր ջերմություն առաջանում է օրգանիզմ հայտնվող զանազան վիրուսների պատճառով, որոնք այնտեղ «բնակվում» են 7-ից 10 օր։ Թե ինչպես Դուք կսնվեք, վիրուսի կյանքի տևողության վրա չի ազդում։ Այդ իսկ պատճառով նույնիսկ եթե ցանկություն չկա, պետք է ջրազրկումից խուսափելու համար գոնե մի փոքր հեղուկային սնունդ ուտել։

Միֆ 6. Թարմ ապրանքները սառեցրած ապրանքներից ավելի լավն են

Այն բանից հետո, երբ գիտնականները հայտնաբերեցին «հակաօքսիդանտներ» կոչվող հրաշալի երևույթը, սննդի մասնագետների մեծամասնությունը կողմնակից է թարմ ապրանքներ օգտագործելուն։ «Սառեցումը ոչնչացնում է օգտակար նյութերը»,- այսպես են ասում բժիշկները։ Նույնն էլ վերաբերում է ջերմամշակմանը։

Իրականում սառեցված մրգերը և բանջարեղենը կարող են թարմ ապրանքների նման լավը լինել, եթե դրանք հավաքել և սառեցրել են հասունացած ժամանակ։

Միֆ 7. Ձու օգտագործելը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը

Այս համոզմունքը տրամաբանական է՝ ձուն պարունակում է մեծ քանակությամբ խոլեստերին, հետևաբար եթե այն ուտենք, ապա այս վնասակար նյութի մակարդակը արյան մեջ կբարձրանա։

Իրականում այս բնագավառի նոր հետազոտությունները ցույց տվեցին, որ խոլեստերինի մակարդակի վրա ազդում են միայն սննդի որոշակի տեսակի ճարպեր։ Եվ դրա քանակությունը ձվի մեջ ավելի քիչ է, քան, օրինակ, ճարպի միջին մակարդակ ունեցող կաթի մեջ։ Բացի այդ՝ ձուն պարունակում է սպիտակուցներ, A և D վիտամիններ։ Այդ իսկ պատճառով օրական մեկ ձուն կարող է մեր դիետայի մեջ օգտակար բաղադրիչ լինել։

Միֆ 8. Եթե մրսես, կհիվանդանաս

Եվս մեկ տափակություն, որը մեզ դեռևս փոքր ժամանակ են ասել։ Իրականում ներքին ջերմաստիճանի նվազումն իմունիտետի վրա չի անդրադառնում, եթե իհարկե խոսքը չի գնում լուրջ սառելու մասին։ Այս դեպքում պետք է արդեն մրսածության մասին չանհանգստանալ։ Ինչպես արդեն նշել էինք՝ մենք հիվանդանում ենք վիրուսների պատճառով, այլ ոչ թե ջերմաստիճանի։ Իսկ այն փաստը, որ ձմռանն ավելի շատ ենք հիվանդանում, նույնպես ջերմաստիճանի հետ կապ չունի։ Բանն այն է, որ ձմռանը մենք ավելի հաճախ ենք փակ տարածություններում գտնվում, իսկ դա վարակի տարածման ամենաազդեցիկ միջոցն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել