ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգի առաջին հարցով նախատեսված է ի գիտություն ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի կատարման ընթացքին վերաբերող հաղորդումը: Անցած տարի բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 143 կազմակերպություն: Դրանցից 58-ն իրականացրել է երկարաժամկետ ծրագրեր, որոնք կապված են ինչպես աշխատանքի կատարման և ծառայության մատուցման, այնպես էլ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 85 կազմակերպություն իրականացրել է միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման կարճաժամկետ ծրագրեր:

Մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը` 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը` 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը` 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 1.89 մլրդ դրամ:

2014 թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 51 երկրից Հայաստան է ներմուծվել 18.59 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ` 131 կազմակերպության հասցեով: Ի դեպ, ներմուծված բեռների մաքսային արժեքը նվազել է 5.03 մլրդ դրամով, երկարաժամկետ ծրագրերի գումարային արժեքը` 4.8 մլրդ դրամով: Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաներն աշխատանքային խումբը հետագայում վերագնահատելու է, հետևաբար տեքստում եղած գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:

Ըստ մաքսային արժեքի` ներմուծված բեռների 51.4 տոկոսն առողջապահության բնագավառի ապրանք է, այդ թվում` դեղորայք 6.52 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորում և պարագա` 3.04 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 34.78 տոկոսը ներմուծվել է ԱՄՆ-ից, 14.84 տոկոսը` Շվեյցարիայից, 7.3 տոկոսը` Չինաստանից, 5.82 տոկոսը` Ավստրիայից և 4.78 տոկոսը` Մեծ Բրիտանիայից:

2014 թ. ընթացքում ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը «բարեգործական» որակում է տվել 58 կազմակերպության կողմից իրականացվող` աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ծրագրերի, որոնց գումարային արժեքն է շուրջ 31,373.130 մլն դրամ:

Հարկ է նշել, որ ծրագրերի գումարային արժեքները նշված են ըստ կազմակերպությունների ներկայացրած հայտերի և ամփոփ տեղեկությունների, ուստի դրանք պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի արժեքներ: Ընդ որում` ծրագրերի մի մասը շարունակվելու է մինչև 2019 թվականը:

Ընդհանուր առմամբ 2014 թ. ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրից 112-ը վերաբերում է շինաշխատանքի իրականացմանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել են 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն:
Հանձնաժողովը հանդիպումներ է կազմակերպել երկրում գործող և բարեգործական ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ: Անցկացվել են հանդիպումներ, քննարկվել մարդասիրական օգնության ծրագրերից աստիճանաբար զարգացման ծրագրերի անցնելու հարցերը, որոնք հավանության են արժանացել:

Բազմաթիվ այցելություններ են կատարվել իրականացման վայրերում ծրագրերի ընթացքին ծանոթանալու, արդյունավետությունը գնահատելու և սահմանված նպատակներից շեղում թույլ չտալու նպատակով:

2014 թ. ընթացքում տեղի է ունեցել հանձնաժողովի 15 նիստ, ընդունվել է 1,376 որոշում, ընդ որում` բացառապես շահագրգիռ նախարարությունների եզրակացությունների հիման վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել