Վերջին օրերին Ազգային Ժողովում տեղի ունեցող քննարկումները շեղվում են իրենց բովանդակային նշանակությունից և վերածվում անիմաստ խոսակցությունների ու զազրախոսությունների: Այս իմաստով բացառություն չէ նաև Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկման դրված Կառավարության կողմից ներկայացրած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագիծի քննարկումը, որով առաջարկվում էր փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում:

Քննարկումն իրականում վերածվեց «բեսեդկայի» մակարդակի խոսակցության: Գագիկ Ջհանգիրյանը նշում էր, որ նախագծերն արտահերթ ռեժիմով չբերվեն խորհրդարան և հարգանք ցուցաբերեն ԱԺ-ի, ինչպես նաև պետաիրավական հանձնաժողովի նկատմամբ: Արդարադատության նախարարն իր հերթին վստահեցնում էր, որ ինքը հարգալից է ԱԺ-ի պետաիրավական հանձնաժողովի, հատկապես Գագիկ Ջհանգիրյանի հանդեպ, քանի որ դասախոս-ուսանող հարաբերություններն իրեն պարտավորեցնում են:

Գագիկ Ջհանգիրյանն ի պատասխան նշել է, թե կարիք չկա, որ ինքը գովքի կարիք չունի, ապա հեգնել` նշելով, որ արդեն ամուսնացած է և ավելացրել. «Ուզո՞ւմ եք ինձ հակա հանեք քրեական իրավունքում, չեք կարա: Հանձնվեք, հաճույք ստացեք, Մանուկյան»: Նախարար Մանուկյանն էլ նույնն առաջարկում էր Գագիկ Ջհանգիրյանին:

Հարկ է հիշեցնել մեր հարգարժան օրենսդիրներին, որ պառլամենտը միայն պոպուլիզմի, «ափռ-ցփռ» խոսելու տեղ չէ: Եթե կա խոսելու անհրաժեշտություն, ապա պարտադիր չէ այդ ցանկությունը պարպել ԱԺ-ի շրջանակներում տեղի ունեցող քննարկումների ժամանակ, չէ՞ որ Ազգային Ժողովը ոչ թե զրուցարան է ու դեմագոգիայի սրահ է, այլ օրինաստեղծ մարմին:

Հետո էլ ասում են, թե այս կամ այն օրենքն ինչու լավը չէ կամ թերի է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել