Մարդկային պարզունակ միտքը ձգտում է թարմության: Այս իմաստով տաքսիստը որպես հյուր «թարմություն» էր հայկական հեռուստատեսության համար, բայց թարմությունն ընդամենը ընդգծված ժարգոնային խոսելաձևն էր, ուրիշ իմաստով՝ ոչ պայքարի միջոցների ընտրության և ոչ էլ այլ առումներով նորամուծություն և նոր որակ չկար: Ինչպես ժամանակին «Կարգին հաղորդումն» էր իր լեքսիկոնով թարմություն հայկական հումորային բիզնեսի համար, որն էլ ապահովեց նրա հաջողությունը, այնպես էլ Արմանը: Ասում են, որ ժարգոնային թուրքերեն է օգտագործում նաև Էրդողանը, ինչն էլ որոշակի դեր է խաղացել նրա հաջողության գործում, քանի որ ժողովրդի մոտ ապահովել է «սեփական ծոցից ելնելու» պատրանքը: Լեզվի լիակատար մաքրություն ողջ հանրության համար ապահովել դժվար է, բայց լեզվական նվազագույն հիգիենայի պահպանումը «կարծիք ձևավորողների» շրջանում անհրաժեշտ է, այլապես կհասնենք այնպիսի գռեհկաբանության, որն իր բացասական անդրադարձը կունենա նաև հանրային գիտակցության վրա: Իհարկե, լեզվի հիգիենայից զատ կարևոր է նաև սրտի հիգիենան` մտադրությունների մաքրությունը, ինչպես նաև գործողությունների կատարելագործումը, ու այս երեքի՝ «լեզվի», «սրտի» և «ձեռքերի» ներդաշնակության խնդիրն է, որ իր առջև պետք է դնի թե՛ անհատը և թե՛ հանրությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել