Ինչո՞ւ է ազգս էսպես բուռն արձագանքում հասարակական հնչեղություն ունեցող մի շարք դեպքերի, ինչպիսին են Քիմ Քարդաշյանի Հայաստան գալը, SOAD-ի համերգը, տաքսիստ Արմանի ելույթները: Արձագանքում է, որովհետև այդ երևույթներն արթնացնում են մարդուն որպես մարդ, որպես քաղաքացի, որպես երկրպագու, որպես բանական էակ, ով ոչ միայն պետք է մտածի օրվա հաց վաստակելու, այլ նաև հանգստանալու, զվարճանալու, քաղաքակիրթ սպասարկվելու, իր ձայնը բարձրացնելու՝ հանուն ինչ-որ հարցի լուծման: Արմանի կերպարի ֆետիշացումը նրանից է, որ մեծ ռեզոնանս է առաջացնում այն փաստը, որ ՀՀ-ում էլ կան միջնակարգ դպրոցն ավարտած երիտասարդներ, ովքեր ի զորու են, ի հակադրություն մեր շատ քաղ. գործիչների, հոդաբաշխ ու համապարփակ մտքեր արտահայտել ու տիրապետել այն ոլորտի նրբություններին, որում աշխատում են ու պայքարել ոչ թե լոկ գոռալով ու պահանջելով, այլ մանրամասն տեղեկացված լինելով իրենց պայքարի բոլոր կետերին՝ հարցադրումներից, բացերից մինչև վերջնական նպատակ: Ու կապ չունի, որ Արմանը ժարգոնային տոնայնությամբ է ասում իր ասելիքը, միաժամանակ խոսքը համեմելով բառերով ու մտքերով, որոնց անգամ չեն տիրապետում բարձրագույն ավարտած երիտասարդներն ու մի շարք քաղաքական գործիչներ: Ամենակարևոր շեշտադրումներն իր պահանջներում առավել քան հստակ են, ու պահանջելուց բացի առաջարկում է լուծման մեխանիզմներ: Սխալ է այս ամեն ինչի մեջ շեշտադրել ժարգոնային խոսելաոճը, ու մտքի մեջ էլ որ ոչ մեկի հրաժարականը չի պահանջում, հեղափոխություն չի ուզում և այլն: Մարդն ունի կոնկրետ նպատակ, որի իրականացման դեպքում ինքն իրեն կզգա որպես լիարժեք ու պաշտպանված ՀՀ քաղաքացի, աբսուրդ է դրանից ավելին պահանջել նրանից: Եթե ունեք դրանից ավել պահանջներ, ուրեմն դուք ելեք պայքարի, դուք ձեր, ասել Արմանի, կրթական ցենզից ու զարգացվածության աստիճանից բխող պահանջները ներկայացրեք, տիրապետեք ձեր խնդրո առարկայի նյուանսներին էնպես, ինչպես ինքը, ու այդ դեպքում ամեն ինչ կփոխվի Հայաստանում:
Այսպիսին են արձագանքները, որովհետև ինչ-որ բան է արթնացել մեջներս, բայց դեռ ճմլկոտում է, չենք հասկանում՝ ինչ է, նոր բան է: Կարևոր է արթնանալ լիովին ու հասկանալ՝ հանուն ինչի ու ինչ միջոցներով ենք պայքարում ու ում դեմ, մեզնից ու այլ մարդկանցից ինչ ենք պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել