ԱԺ-ն քննարկում է Կառավարության կողմից առաջարկված «Եկամտահարկի մասին» և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է 13 տոկոս հարկային դրույքաչափ սահմանել այն վարձու աշխատողների համար, որոնք ՀՀ-ում գրանցված գործատուների հետ կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքներ են կատարում ՀՀ տարածքից դուրս, և այդ աշխատանքները վերաբերում են շինարարական, շինմոնտաժային աշխատանքներին:

Ըստ կառավարության ներկայացրած փոփոխության նախագծի՝ օրենքը տարածվում է ոչ թե անհատ խոպանչիների, այլ այն արտագնա աշխատողների վրա, ովքեր արտերկրում աշխատելու պայմանագիր են կնքել ՀՀ-ում գրանցված ընկերության հետ:

Մի պարզ օրինակի վրա հասկանանք՝ ինչ է իրենից ներկայացնում օրենքի փոփոխության նախագիծը: Օրինակ՝ այստեղ` ՀՀ-ում գործող շինարարական մի հիմնարկություն տենդեր է շահում ՌԴ-ում և այնտեղ է տեղափոխում իր շինբրիգադը և կատարած աշխատանքից ստացված եկամուտից պետք է հարկ վճարի:

Կառավարության ներկայացրած փոփոխությունների նախագիծն ընթերցելիս հարցեր են առաջանում:

1) ՀՀ ռեզիդենտ քանի կազմակերպություններ կան, որոնք շինարարական աշխատանքներ են արտահանում և չեն հարկվում: 
2) Եթե Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանման ոլորտը տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկն է, ապա արտագնա աշխատանքներ կազմակերպողները միայն շինարարական աշխատանքնե՞ր են արտահանում, թե՞ այլ աշխատանքներ էլ կան, որոնք արտահանվում են և մինչ այս օրենքի փոփոխությունը հարկային դաշտում են եղել:

Իսկ ահա «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծից ենթադրվում է, որ 5 տոկոս շահութահարկ են վճարելու անհատ «խոպանչիները»:

Մեջբերում փոփոխության նախագծից` «1.1-ին մասի 4-րդ ենթակետում «աշխատանքների կատարումից կամ ծառայությունների մատուցումից» բառերից հետո լրացնել «բացառությամբ փոխառության դիմաց ոչ ռեզիդենտներից ստացված տոկոսային եկամտի» բառերը»:

Այսինքն՝ այն խոպանչիները, ովքեր արտագնա աշխատանքով են «հաց վաստակում», մտնում են հարկային դաշտ:

Սակայն, չնայած կառավարության առաջարկած հիմնավորմանն, այդպես էլ անհասկանալի է մնում՝ ինչու հենց միայն շինարարական աշխատանքներով զբաղվողները: Ինչո՞ւ է դիֆերենցացվում «արտահանվող» աշխատանքի հարկումը:

Իսկ հիմնավորումները շարադրելուց արդյոք հաշվի՞ են առնվել այն ռիսկերը, որոնք կառաջանան օրենքի փոփոխության ընդունումից և այդ ռիսկերի հետևանքներն ու հետագծերը, որոնք կարող են ծնել այլ պրոբլեմներ կամ խորացնել արդեն եղածները:

Իսկ ինչո՞ւ պետք է կրկնակի հարկվի աշխատակիցը, եթե նրա կատարած աշխատանքից ստացած եկամուտների համար արտերկրում արդեն իսկ պահումներ արվում են:

Կառավարությունը հիմնավորում է` ««Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության արտահանման հնարավորությունների զարգացման և մրցակցության բարձրացման անհրաժեշտությամբ»:

Իսկ բովանդակությունից ու կիրառելիությունից ենթադրվում է, որ այս օրենքի նախագծերը ոչ թե նպաստում են արտահանման աշխուժացմանն ու որակին, այլ նպաստում են արտագաղթի մեծացմանն ու տրանսֆերտների կրճատմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել