Երեխան դեռ չի ծնվել, սակայն արդեն ունի իր ճաշակը. մի բան նրան դուր է գալիս, մյուսը` ոչ:

Սիրում է`
Խոսիր ինձ հետ

Հղիության 24-25 շաբաթում պտղի մոտ լիովին ձևավորվում են ականջները: Երեխան արձագանքում է արտաքին ձայներին: Հետազոտությունների համաձայն՝ երեխայի սիրած ձայնը մոր ձայնն է: Որևէ քնքուշ բառով կամ անունով դիմեք երեխային: Երեխային հաճելի է, երբ դուք նրա հետ խոսում եք, հեքիաթ եք պատմում, երգում, արտասանում նրա համար: Հիշեք, որ ձեզ միշտ լսում են: 

Չի սիրում`
Դեն նետիր դա

Բոլորին հայտնի է, որ նիկոտինը թույն է: Եթե դուք հակված եք այդ վատ սովորությանը կամ ուղղակի գտնվում եք ծխող մարդկանց կողքին, իմացեք, որ երեխային դա դուր չի գալիս: Փոքրիկի արյան անոթները նեղանում են, կտրուկ նվազում է արյան հոսքը, նա ավելի քիչ օգտակար նյութեր է ստանում և թուլություն է զգում, նա կարծես թե խեղդվում է, սրտի աշխատանքը արագանում է և արդյունքում նա ուզում է փախչել: Բայց ո՞ւր: 

Սիրում է`
Երաժշտություն

Արդեն հղիության սկզբում էմբրիոնը կարողանում է ընկալել երաժշտական վիբրացիաները, իսկ մի քանի ամիս անց փոքրիկը կարողանում է նաև տարբերել առանձին մեղեդիներ: Փոքրիկի ճաշակով է դանդաղ, հանգստին նպաստող երաժշտությունը: Բացի այդ՝ հանգիստ երաժշտությունը դրական է ազդում գլխուղեղի բջիջների զարգացման և նյարդային համակարգի վրա: Եթե ցանկանում եք ուրախացնել փոքրիկին, նախասիրությունը տվեք, օրինակ՝ Մոցարտի, Վիվալդիի ստեղծագործություններին: Մոտեցրեք ականջակալները ձեր որովայնին և մի խանգարեք երեխային հաճույք ստանալ, սակայն հիշեք, որ երեխային դուր չի գալիս շատ բարձր երաժշտություն:

Չի սիրում`
Մամ, պետք չէ խմել

Գինովցած ծնողները տխուր երևույթ են: Նույնիսկ, եթե երեխան մոր արգանդում է մեկ գավաթ գինի ըմպելուց հետո փոքրիկի արյան մեջ ալկոհոլի քանակը նույնքան է, որքան մայրիկի մոտ: Քանի որ երեխայի մոտ դեռ զարգացած չեն այն մեխանիզմները, որոնք թույլ են տալիս մարդուն դուրս հանել օրգանիզմից վնասակար նյութերը, ապա հարբածությունը փոքրիկի մոտ երկու անգամ ավելի ուժեղ կլինի: Ալկոհոլը վնասակար է բոլոր ներքին օրգանների համար, սակայն առաջին հերթին ուղեղի, որտեղ կարող են անդառնալի փոփոխություններ տեղի ունենալ:

Սիրում է`
Շոյիր ինձ

Շոյեք ձեր որովայնը, հաճելի շոշափումը փոխանցվում է երեխային և նա իրեն երջանիկ և հանգիստ է զգում: Փորձեք երեխայի հետ մի խաղ խաղալ. երբ նա խփի Ձեզ, քնքշորեն շոյեք և հաճելի խոսքեր ասեք: Այսպիսով տեղի է ունենում առաջին շփումը, սա ոչ միայն զվարճալի է, այլ նաև շատ օգտակար նյարդային համակարգի զարգացման համար: 

Չի սիրում`
Մի քիչ կամաց

Երեխան մոր արգանդում հիվանդագին է վերաբերվում բարձր ձայներին և գոռգոռոցներին, նույնիսկեթե դրանք լսվում են հեռուստացույցից: Երեխան արձագանքում է ոչ միայն ձայներին, այլ նաև մայրիկի սրտի աշխատանքի փոփոխությանը, այսինքն՝ տվյալ դեպքում նա կարծում է, որ իրեն և մայրիկին որևէ վտանգ է սպառնում: Երեխայի մոտ հաճախանում է սրտի աշխատանքը, առաջանում է խուճապի զգացում: Հետազոտությունների համաձայն՝ եթե ծնողները բարձր կամ զայրացած են խոսում, փոքրիկը մոր արգանդում ավելի է կծկվում և ձեռքերով փակում գլուխը: Երեխան ոչ մի կերպ չի կարող ինքնուրույն պաշտպանվել այդ սարսափից:

Սիրում է`
Ծիծաղեցրու ինձ, մայրիկ

Երբ դուք ծիծաղում եք, երեխան արգանդում զվարճաբար թռչկոտում է, կարծես բատուտի վրա լինի: Դա կախված է նրանից, որ մայրիկի արյան շրջանառությունը արագանում է և ավելի լավ է մատակարում թթվածինը երեխային: Միաժամանակ ծիծաղը բարելավում է էնդոկրին, նյարդային և իմունային համակարգերը, սրտի աշխատանքը և թուլացնում է ցավը: Այն խթանում է սիմպատիկ նյարդային համակարգի ազդեցությունը՝ բարելավելով գլխուղեղի աշխատանքը, նպաստում է էնդորֆիների` երջանկության հորմոնների առաջացմանը, նվազեցնում է սթրեսի հորմոնների քանակը` ադրենալինի և կորտիզոնի: Ձեր ծիծաղը օգտակար է երեխայի համար:

Չի սիրում`
Ոչ այդքան կտրուկ

Իհարկե, ֆիզիկական ակտիվությունը հղիության շրջանում շատ օգտակար է, սակայն ամեն ինչ լավ է չափի մեջ` ավելի լավ է զերծ մնալ կտրուկ շարժումներից, ջրի մեջ սուզումներից և այլ նմանատիպ գործունեությունից, ինչի ընթացքում երեխան կարծես «ամերիկյան ոլորանների» վրա լինի: Նույնիսկ դեռահասները միշտ չէ, որ դիմանում են նման սթրեսի, էլ ինչ խոսք չծնված երեխայի մասին: Բացի այդ՝ դա վտանգավոր է, քանի որ հաճախ հանգեցնում է արգանդի վաղաժամ կծկումների, թաղանթի պատռմանը կամ ընկերքի տարանջատմանը: 

Սիրում է`
Մ-մ-մ, համով է

Ձեր արգանդում նստած է փոքրիկ քաղցրակեր: Հղի կնոջ ռացիոնը փոխում է պտղաջրերի համը: Հետազոտությունների համաձայն՝ եթե պտղաջրերը քաղցր են, երեխան այն ավելի հաճախ է կուլ տալիս, քան երբ այն թթու է կամ դառնոտ: Սակայն դա չի նշանակում, որ պետք է սնվել միայն քաղցրով: Գլյուկոզայի մակարդակը արյան մեջ կարող է բարձրացնել թարմ գազարը կամ թեփով հացը, որոնք պարունակում են բարդ ածխաջրեր, որոնք, համեմատած հասարակ ածխաջրերի հետ (շաքարի), շատ ավելի օգտակար են:

Չի սիրում`
Պետք չէ անհանգստանալ

Երբ ապագա մայրիկը նյարդայնանում է, նրա անոթները կտրուկ կծկվում են, իսկ արյան մեջ է նետվում մեծ քանակությամբ ադրենալին: Այս ամենը ազդում է պտղի վրա. կարող է տուժել նյարդային համակարգը, հաճախ հետագայում երեխան դժվարություններ է ունենում իր զգացմունքները լիարժեք արտահայտելու և մյուսներին կարեկցելու հարցերում: Այսօր մեր առօրյա կյանքում դժվար է խուսափել սթրեսից: Այդ պատճառով կարևոր է սովորել ուշադրություն չդարձնել մանրուքների վրա և ճիշտ արձագանքել խնդիրների ժամանակ: Դրանում ապագա մայրիկներին կօգնեն հոգեբանները: 

Սիրում է`
Լողանա՞նք

Անկշռության զգացումը, որը կինը զգում է ջրի մեջ, հաճելի է ոչ միայն իր համար, այլ նաև փոքրիկի: Մարմնի թեթևակի օրորումը և ջրային մերսումը շատ օգտակար են երեխայի համար, դա հանգստացնում է փոքրիկին և միաժամանակ բարելավում պտղի արյան շրջանառությունը: Աշխատեք որքան հնարավոր է հաճախ այցելել լողավազաններ, սակայն ուշադրություն դարձրեք ձեր ընտրության վրա` քլորի մեծ պարունակությունը վնասակար է երեխայի համար:

Չի սիրում`
Սառեցրու ջուրը

Երբ ապագա մայրիկը շատ տաք լոգանք է ընդունում, նրա սրտի աշխատանքը արագանում է, անոթները լայնանում են և իջնում է արյան ճնշումը, արդյունքում արյան հոսքը դեպի ընկերք նվազում է, ինչը կարող է երեխայի մոտ հիպոքսիա առաջացնել: Տաք լոգարանը շոգեբաղնիքից ավելի վտանգավոր է, քանի որ շոգեբաղնիքում մարմնի ջերմաստիճանը կանոնավորվում է քրտնարտադրության միջոցով, իսկ ջրի մեջ դա տեղի չի ունենում, և երեխան անպաշտպան է դառնում: 

Մասնագետի մեկնաբանությունը

Ցանկացած պտուղ մոր արգանդում, ինչպես և յուրաքանչյուր մարդ, ունի իր անհատականությունը, խառնվածքը և յուրովի է զարգանում: Հղիության նորմալ ընթացքի համար կարևոր է հետևել այն ազդանշաններին, որոնք ուղարկում է երեխան, նրա շարժումներին: Եթե ձեզ որևէ բան է անհանգստացնում երեխայի «վարքի» մեջ, անպայման խորհրդակցեք բժիշկի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել