Հայաստանում գտնվելու ընթացքում Երևանում համերգային փայլուն կատարումով հանդես գալուց հետո հանրահռչակ ռոք-աստղ Սերժ Թանկյանը կնոջ՝ ծնունդով վանաձորցի Անժելա Մադաթյանի և մանկահասակ երեխայի հետ մի քանի օր հանգրվանել է Լոռու մարզի Ձորագետ ավանում գտնվող Թուֆենկյան հյուրանոցում: Ավանի բնակիչներից մեկի համոզմամբ՝ երգիչը հավանաբար ցանկացել է մայրաքաղաքային աղմուկից ու բուռն իրադարձություններից հետո մի քանի օր ընտանիքի հետ հանգիստ վայելել՝ բնության գողտրիկ անկյունում: Բայց կա նաև մի հետաքրքիր զուգադիպություն. Անժելայի տատիկը (որ երկար տարիներ դասավանդել է Վանաձորի դպրոցներից մեկում և հայտնի մանկավարժ է) ծնունդով Ձորագես ավանից է ՝ 30 -ականների սերնդից, և այդ մասին ավանի բնակիչներից ոմանք իմացել են միայն նրանց մեկնելուց հետո: Այդուհանդերձ մինչ այդ Թանկյանը հաճույքով նկարահանվել է Ձորագեսի բնակիչներից ոմանց հետ, երեխաներից ոմանց էլ ինքնագրեր նվիրել... Ի դեպ, հանրահռչակ ռոք-աստղի և նրա ղեկավարած խմբի հանդեպ բուռն հետաքրքրություն է ցուցաբերում ոչ միայն երիտասարդությունը (որոնց՝ ֆանատիզմի հասնող դրսևորումներն իրենց արտացոլումն էին գտել հեռուստատեսությամբ), այլև՝ ավագ սերունդը: Վանաձորցի մտավորական Զեմֆիրա Իշխանյանն, օրինակ. ոչ միայն հիացած էր Թանկյանի ռոք-խմբի կատարումով, որ դիտել էր հեռուստատեսությամբ, այլև՝ մտահոգված էր, թե արդյո՞ք խմբի՝ Բեռլինում ծրագրված համերգի տեսագրությունը կհեռարձակվի հեռուստատեսությամբ կամ ինտերնետով: 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել