Սկզբնամասում թվում է, թե սա սովորական, մի քիչ հնարված ու թեթևակի աբսուրդ ֆիլմ է: Բայց հետո նկատում ես, որ ամեն հաջորդ րոպեի հետ ավելի ես տարվում, խորամուխ ես լինում հերոսների արարքների ու ճակատագրերի մեջ:

Այս ֆիլմը կարելի է համեմատել ջրաներկով պատկերված նկարի հետ: Իմ աչքին ավելի հաճելի են յուղաներկով կամ վառ գուաշով նկարված կտավները, բայց այս դեպքում Վուդի Ալենի ջրաներկի թեթևությունն ուղղակի իդեալական է ընկալվում: Այն կատարյալ է իր պարզությամբ ու թեթևությամբ:

Միայն ֆիլմի սկզբում է թվում, թե կերպարները կտրված են իրականությունից: Իրականում նրանք շատ նման են սովորական մարդկանց, ովքեր խճճվել են իրենք իրենց, մտերիմների հարաբերությունների մեջ, նրանք չեն կարողանում կողմնորոշվել: Ռեժիսորն ակնարկում է. միգուցե դու այդպիսին դառնաս, եթե վճռես: 

Որոշել` սա լավ, թե վատ ֆիլմ է, յուրաքանչյուրի իրավունքն է, հենց դրա համար էլ այս ֆիլմի մասին բավականին տարբեր կածիքներ են արտահայտվում: Ամեն մեկն ընկալում է յուրովի: Այդկերպ յուրաքանչյուր ոք ինքնարտահայտվում է, ինչպես և այս հիանալի ֆիլմի հերոսները:

Գեղեցիկ է ոչ միայն ֆիլմի գաղափարը, այլև դրա իրագործումը: Գեղեցիկ պեյզաժներ, նրբորեն նկարահանված սիրո և ապրումների տեսարաններ: Դերասանները գերազանց են բացահայտում իրենց կերպարներին: Հիսթերիկ Պենելոպա Քրուս, զգացմունքային ու բնական Սքարլետ Յոհանսսոն, խստապահանջ ու խոհեմ Ռեբեկկա Հոլլ, և իհարկե խարիզմատիկ Խավյեր Բարդեմ. նրանք վարպետորեն են կատարել իրենց առաջադրանքները: Իսկ չծանրացնող երաժշտությունը կինոնկարին հաղորդում է անհրաժեշտ երանգները: 

Այս ֆիլմը հետաքրքիր կլինի երիտասարդ, ստեղծագործող մարդկանց համար կամ էլ նրանց համար, ովքեր փորձում են գտնել իրենք իրենց, փոխել կյանքի առօրեականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել