Գուցե շարքային ընթերցողին համանախագահների վերջին հայտարարության այսչափ գանգուր ձևակերպումները կարող են թվալ չափազանց անորոշ, մշուշոտ ու անգամ հակասական, սակայն եթե հայտարարության հատկապես արցախյան առաջիկա խորհրդարանական ընտրություններին վերաբերող հատվածը մարդկային սովորական լեզվի թարգմանելու լինենք, ապա կարելի է և հասկանալ նրանց ասածը: Կարծում եմ, որ նրանք ցանկացել են կողմերին ասել, որ ճանաչում են Արցախի ժողովրդի սեփական իշխանություններն ընտրությունների միջոցով ձևավորելու իրավունքը, քանի դեռ բանակցային գործընթացի արդյուքում Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ մի ինչ-որ վերջնական որոշում չի կայացվել: Միաժամանակ ընդգծում են, որ չեն դիտարկում Արցախը որպես անկախ և ինքնիշխան պետություն, ուստի ընտրությունների միջոցով այնտեղ ձևավորվող տեղական իշխանությունները միջազգային իրավասուբյեկտությունից զուրկ են, և այդպես է լինելու այնքան ժամանակ, քանի դեռ ոչ մի այլ երկիր չի ճանաչել Արցախի պետական անկախությունը: Այստեղ հստակ ակնարկ կա առ այն, որ Հայաստանը ևս չի ճանաչել Արցախը, ուստի բանակցություններին անմիջականորեն մասնակից հայկական կողմը, հանձինս ՀՀ գործող ղեկավարի և Արտգործնախարարի, համաձայն է պաշտոնապես դիտարկել Արցախի նախագահին ու խորհրդարանն ընդամենը որպես տեղական ինքնակառավարման գործառույթն իրականացնող և միջազգային հարաբերությունների համակարգում ձայնի իրավաբանորեն ամրագրված իրավունքից զուրկ կառավարչական մարմիններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել